ԿարևորՀասարակություն

Միջանկյալ կարգավորումներ կլինեն. փոխվարչապետը՝ Ղազախստան տեխափոխված ավտոմեքենաների խնդրի մասին

Վերջին շրջանում Ղազախստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի արդյունքում ղազախները չեն կարողանում Հայաստանից մեքենա գնել եւ տեղափոխել իրենց երկիր։ Լուրեր տարածվեցին նաեւ, որ խնդիրներ կան կապված արտոնյալ ռեժիմով Հայաստանից գնված եւ արդեն Ղազախստան տեղափոխված մեքենաների հետ։ Նման իրավիճակում չեն վաճառվում արտերկրից  Հայաստան բերված մեքենաները։

Արդյունքում՝ լուրջ խնդիրների առջեւ են կանգնած հայաստանցի ավտոներկրողները։ Խնդրին օրերս հայկական կողմն անդրադարձել է ղազախ գործընկերների հետ՝ Ալմաթիում անցկացված Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում։ Մինչ այդ հարցի հետագա կարգավորումների վրա կշարունակեն աշխատել մասնագետները։ 

«Շատ վատն են վաճառքի տեմպերը։ Ընդհանրապես մեքենա չի վաճառվում։ Մեքենաների հիմնական մասը ղազախներն էին գնում։ Մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ավտոշուկայում նորմալ շարժ է եղել։ Էսօր մենք տեսնում ենք, որ Ղազախստանի Հանրապետությունուց ոչ մի քաղաքացի չկա»։ 

Հայաստանցի ավտոներկրողները լուրջ խնդիրների առջեւ են կանգնած։ Վերջին 1.5 – 2 տարում Հայաստանի ավտոշուկայի սպառողները հիմնականում Ղազախստանի քաղաքացիներն էին։ Վերջին շրջանում, սակայն, Ղազախստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի արդյունքում ղազախներն այլեւս Հայաստանից մեքենա չեն գնում ու չեն ներկրում իրենց երկիր։

«Էսքան մեքենա ներքին շուկայում հնարավոր չէ իրացնել։ Հասկացանք, որ հիմա ղազախներին են արգելում։ Ավտոմատ մենք խնդրի առաջ ենք կանգնած։ 20-25 հազար մարդ իմ պես կանգնած են խնդրի առաջ»։  

Պարզվել է, որ ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային  ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիները երրորդ երկրներից բերված մեքենաները պետք է օգտագործեին միայն Հայաստանում եւ իրավունք չունեին ղազախստանի քաղաքացիներին այդ մեքենաները վաճառել։

Վերջերս Ղազախստանի ոստիկանությունը պարզաբանումներ ներկայացրեց այս հիմնավորմամբ՝ պահանջելով, որ ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր։

Ավտոներկրողները շվարած են՝ ի՞նչ անել. «Իմ կարծիքով, պետք ա ինչ-որ ելք կառավարությունը գտնի, որպեսզի ղազախներին թույլատրվի, որ գան մեքենաները տանեն»։ 

Ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար: Օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որտեղ բազմաթիվ հարցեր են քննարկել՝ այդ թվում տվյալ խնդրի հետ սերտ առնչություն ունեցող։ Ինչպես այդ մասին մեզ հետ զրույցում փոխանցեց մեր երկրի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Որովհետեւ խոսքը վերաբերում էր այն բոլոր խոչընդոտների  վերացմանը, որոնք կան փոխադարձ առեւտրում, մարդկանց տեղաշարժի, աշխատանքի մեջ… դա մնայուն ծրագիր է, որ անընդհատ իրականացվում է»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիից վերադարձի ճանապարհին, հենց ինքնաթիռում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին նշեց, որ փորձել են տեղում հասկանալ, թե գործընթացի հետ կապված ի՞նչ խնդիր ունի ղազախական կողմը։ Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ չի լինի որեւիցե գործողություն, որի պատճառով մեր քաղաքացիների գույքային իրավունքները կտուժեն՝ շեշտեց Մհեր Գրիգորյանը։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:

«Կարծում եմ, որ մեր հանդիպումը շատ կառուցողական էր եւ չեմ զգացել, որ ղազախական կողմը որեւիցե կատեգորիկ վերաբերմունք ունի»։   

Ղազախական կողմը հավաստիացրել է, որ արդեն տեղափոխված ավտոմեքենաների հարցով կսահմանեն միջանկյալ կարգ։ Մինչ այդ հարցի հետագա կարգավորումների վրա կաշխատեն մասնագետները, որպեսզի չստացվի այնպես, որ գործուղություն է արվում մարդկանց խմբի դեմ, որը հնարավորություն է ունեցել արտոնյալ ռեժիմով ինչ-որ գույք ձեռք բերել։

Ցուցադրել ավելի
Back to top button