Կարևոր

ՀԿ–ների գործունեությունը՝ պետության «խոշորացույցի» տակ

Կառավարությունը օրենսդրական նոր կարգավորումներ է մշակում հասարակական կազմակերպությունների գործունեության համար։ Նախագիծն արդեն տևական ժամանակ քննարկվում  է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Դիրքորոշումները միանշանակ չեն։  Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից շատերը  մտավախություն ունեն,  որ  փորձ է արվում  խիստ վերահսկողության տակ առնել   ոչ հաճո կազմակերպությունների գործունեությունը։ 

 «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կառավարության առաջարկած լրացումների և  փոփոխությունների նախնական, փակ քննարկումների ժամանակ տեղեկություն է եղել, որ ՀԿ–ների  գործունեության նոր կարգավորումները գործադիրն առաջարկում է այս ոլորտում կոնկրետ չարաշահումների պատճառով։ Առաջարկների փաթեթն  արդեն հասել է ԱԺ,  և  պատգամավորներն այսօր ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանից ցանկանում էին պարզել, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը՝ ֆինանսակա՞ն, թե՞ այլ բնույթի։

ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյան. «Այդ թերացումները չարաշահում որակել դեռևս մի փոքր վաղ է։ Ամեն դեպքում դրանց մասին այս պահին նպատակահարմար չեմ համարում խոսել» ։  

Նոր կարգավորումների անհրաժեշտությունը  շատերը պայմանավորում են  վերջին  շրջանում  հաճախ հանդիպող  ձևակերպման՝ «սորոսական» կազմակերպություններ և դրանց գործունեությունից  հանրության մի հատվածի դժգոհությամբ։  ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը  խնդիրն  ավելի պարզ է բացատրում․ խոսքն   ամենեւին  «ոչ հաճո» ՀԿ–ների մասին չէ։

 «ՀԿ–ների գործունեությունը հանրության համար պետք է բաց և վստահելի լինի, հանրությունը  որեւէ կասկած չպետք է ունենա նրանց գործունեության վերաբերյալ՝ եւ բովանդակային, եւ ֆինանսական։  Ես ուզում եմ հստակ նշել, որ պետության համար ոչ հաճո ՀԿ–ներ կարող են լինել միայն այն կազմակերպությունները, որոնք օրենքի տառին համապատասխան չեն գործում։ Այսինքն՝ ՀԿ–ների գործունեությունը որեւէ քաղաքական նպատակահարմարությամբ սահմանափակելը բացառված է»։

Մինչդեռ ՀԿ–ների ներկայացուցիչները մտահոգված են ։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում նախագծին դեմ է քվեարկել փաստաթուղթն  ուսումնասիրածների 60 տոկոսը,  16 տարբեր գրավոր առաջարկություն է ներկայացվել։

Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ ՀԿ–ների բաց և թափանցիկ աշխատանքին հետևելու է ՊԵԿ–ը։ Նոր կարգավորումներով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել։ Ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ՝ բովանդակային․ ինչ նպատակներ են իրականացրել, ինչի համար, ինչ ծավալներով և  այլն։ 

Տարեկան հաշվետվությունները չհրապարակելու  համար ՀԿ–ների դեպքում նախատեսվում  է վարչական տուգանք՝  50 հազար դրամի չափով։ Պատգամավորների մի մասը կարծում  է, որ տուգանքն ազդեցիկ չէ,  և անհրաժեշտ է բարձրացնել այն։ Իսկ ՀԿ–ներն այս ամենը  համարում են  պետության անհարկի միջամտություն եւ իրենց գործունեությունը ճնշելու հնարավորություն։ Պատգամավորներն, իհարկե, տեղյակ են դժգոհություններից։

Նաիրա Զոհրաբյան.«Բազմաթիվ ՀԿ–ներ օրենքը միանշանակ չեն ընդունել։ Հատկապես «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ»–ը բավականաչափ լուրջ մտահոգություններ ներկայացրել էր»։

Մարիա Կարապետյան.«Ինչո՞ւ հնարավոր չէ, որ ՀԿ–ները բովանդակային հաշվետվություններ ներկայացնեն պետությանը, բայց դրանք ֆինանսական հաշվետվության նման լինեն գաղտնի, եւ եթե լինի պետության կողմից ողջամիտ կասկած, որ ինչ-որ մի հիմնարար իրավունք է խախտված կամ կա ահաբեկչության վտանգ, այդ դեպքում նոր հնարավոր լինի գործունեության մասին հետաքննություն անցկացնել և պարզել, թե կազմակերպությունը ինչով է զբաղված»։

Անի Սամսոնյան. «Ես որքանով գիտեմ, նման մանրամասն հաշվետվություն իրավաբանական անձանցից չի պահանջվում։ Տարօրինակ եմ համարում, որ նմանատիպ հաշվետվություն պահանջում են ՀԿ–ներից»։

Սերգեյ Բագրատյան. «Արդյո՞ք, սա բաց դաշտ չէ մանիպուլյացիաների համար»։  

Նախագծի կողմնակիցները հնչող անհանգստությունները համարում են չափազանցված։ Հեղինակներն էլ ասում են, որ հանրային քննարկումների ժամանակ առանցքային հարցերի շուրջ համաձայնության են եկել ՀԿ–ների ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Հայաստանում այս պահին գործում է 700–800 հասարակական կազմակերպություն։

Թեեւ նրանց մտահոգությունները այսօր հնչեցին խորհրդարանում, անգամ կարծիքները բաժանվեցին հանձնաժողովի քննարկման ժամանակ բաժանվեցին երկու մասի, բայց պատգամավորներն ամեն դեպքում թույլ տվեցին, որ նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Բացի կողմ և դեմ ձայներից մշտական հանձնաժողովում կային նաեւ ձեռնպահներ։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ինչ դիրքորոշում է ունենալու այս նախագծի վերաբերյալ։          

Ցուցադրել ավելի
Back to top button