ԿարևորՀասարակություն

Հայաստանը շրջանցող «դարի նախագիծը»` միայն 5% բեռնափոխադրումներով

Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որի շինարարության մեկնարկը հարևան երկրները մեծ հանդիսությամբ տվեցին 2007-ին, այսօր դեռևս չի կարողանում ամբողջովին գործարկվել։ Վրաստանում փորձագիտական շրջանները նշում են, որ սա օրինակն է այն բանի, որ աշխարհաքաղաքական շահերը վեր են դասվել տնտեսականից:

Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ ավելի քան 10 տարի առաջ սկսված երկաթգծի կառուցումը խոստանում էր դառնալ «Դարի նախագիծ»՝ տարեկան փոխադրելով 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Այսօր անցած ողջ տարին փակվեց ընդամենը 108 հազար տոննա բեռնափոխադրմամբ՝ նույնիսկ ավելի քիչ, քան 2018-ին էր։ Փորձագետները նշում են, որ մոտ 775 միլիոն դոլար վարկը, որ Վրաստանը վերցրել է նախագծի իրականացման համար, այս պահին վերադարձման զրոյական գոտում է։

Տնտեսագետ, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իոսիֆ Արչվաձեի խոսքով այս նախագիծը օրինակ է, թե ինչպես են աշխարհաքաղաքական շահերը վեր դասվում տնտեսականից:

«Նախագիծն ի սկզբանե բավարարում է հարևան պետությունների շահերը, իսկ Վրաստանը բավարարվելու է տարանցիկ տուրքերից ստացվող եկամուտներից, որոնք կօգտագործվեն վարկերի մարման համար: Ելնելով դրանից՝ նախագծի տնտեսական շահութաբերությունը շատ անորոշ է», — եզրափակեց Արչվաձեն:

Թբիլիսի պետական համալսարանի վերլուծական կենտրոնի ղեկավար Վախթանգ Չարայան կարծում է, որ նախագիծն այնքան է ուշացել, որ այսօր արդեն ավելորդ է խոսել Վրաստանի տնտեսական շահույթի մասին. «Եթե երկաթգիծը կառուցված լիներ ավելի վաղ, ապա այն կարելի էր օգտագործել նաև չինական ապրանքները Եվրոպա տեղափոխելու համար, այժմ արդեն նրանք այլ ուղիներ են գտել։ Հիմա դժվար է գրավել նոր հաճախորդների»։  

Երկաթգծի Մարաբդա-Կարծախի հատվածի ղեկավար Լևան Կանկավան հայտարարել է, որ ենթակառուցվածքային աշխատանքները ավարտական փուլում են, իսկ մինչ այդ երկաթգիծը կաշխատի փորձնական ռեժիմով։ Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հայաբնակ Սամցխե Ջավախեթիով անցնող երկաթգիծը ողջ հզորությամբ գործարկելու դեպքում զարկ է տալու շրջանի զարգացմանը. «Նոր աշխատատեղեր են ստեղծվելու տեղի բնակչության համար: Առաջին փուլում հավանաբար համեմատաբար քիչ, իսկ հետագայում բեռնափոխադրումների ծավալի ավելացման հետ կավելանան նաև աշխատատեղերը»:  

Ըստ նրա, երկաթգիծը տեսական կայունության երաշխիք է դառնալու ոչ միայն մասնակից, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար, ինչու չէ նաև հնարավորություններ բացելու  Հայաստանի առջև։

Թբիլիսիի Տնտեսգիտության միջազգային դպրոցի (ISET) ղեկավար, տնտեսագետ Էրիկ Լիվնին, որ համակարծիք է, ասում է թե Հայաստանն ինչպես կարող է օգտվել. «Ես Հայաստանի պաշտոնապես մասնակցության մասին չեմ խոսում: Բայց հայկական լոլիկների կամ կարտոֆիլի վրա գրված չէ հայկական. վրացական ընկերությունը վերցնում է՝ օրինակ՝ հայկական կարտոֆիլը, տեղավորում գնացքում և Թուրքիայով հասցնում Եվրոպա»:

Իսկ մինչ այդ, դեռևս հստակ չէ, թե Հայաստանը շրջանցող, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորում չստացած «դարի նախագիծը», երբ կկարողանա լիարժեք աշխատել։

Ցուցադրել ավելի
Back to top button