Վերլուծական

Ինչ են երկու օր քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը

Ժնեւյան հանդիպումից հետո քննարկումներն ու շահարկումները չեն դադարում։ Ինչու՞ այդքան երկար տեւեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը, ինչու՞ էր միջնորդների հայտարարության մեջ  նշվում գաղտնիության պահպանման մասին։ Ադրբեջանցի փախստականների Շուշի վերադարձի հարց էր անգամ քննարկվում հանդիպումից հետո փորձագիտական որոշ շրջանակներում։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը անհեթեթ որակեց վերջին հարցի շահարկումը․ «Շուշին որպես առանձին հարց չի քննարկվում։ Հայկական կողմը կարողացել էր դա դուրս հանել։ Միայն սկզբունքների հարց է հիմա քննարկվում։ Հետեւաբար` սա աբսուրդային թեմա է ու մանիպուլյացիոն թեզ»։

Նա խոսեց Արցախին բանակցային սեղան բերելու անհրաժեշտության հայկական կողմի պնդման կարեւորության մասին։ Եթե Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելը արագ ստացվեց, ապա բանակցային սեղան վերադարձնելը, ըստ նրա, կարող է տասնյակ տարիներ պահանջի։

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով` Բրատիսլավայի հայտարարությամբ ենք ստիպված բացել ժնեւյան, իր ձեւակերպմամբ, ժլատ տեքստը։

Վերջինում երևում են հայկական և ադրբեջանական կողմերի առաջնահերթությունները՝ հաշտեցնելու կամ հավասարապես դրանք քննարկման առարկա դարձնելու հարցերը։ Հանդիպման տեւողությունը, ըստ նրա, պայմանավորված կարող է լինել այն հանգամանքով, որ հայկական կողմը երկար ստիպված է եղել բացատրել, թե ինչու չպետք է  հավասարության նշան դրվի հայկական կողմում գտնվող հանցագործ դիվերսանտների ու ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացիների միջեւ։

«Մենք  ունենք ռազմագերիներ, հեշտ քննարկվող հարցերից չէ։ Քարվաճառի դիվերսանտների ով լինելը հեշտ չէր ներկայացնել հայկական կողմի համար»։

Երկարատեւ քննարկման հարց է նաեւ Արցախին բանակցային սեղան բերելու թեման, քանի որ, ըստ Սաֆարյանի, Արցախի բանակցություններին չմասնակցելը Բաքուն իր դիվանագիտական  հաղթանակն է համարում։ Դա է պատճառը, որ կոշտ դիմադրության է արժանանում այդ հարցը։

Ժնեւյան հայտարարության մեջ նշվում է գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը, ինչը տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում։ Մի մասի կարծիքով` դա ուղղված է Հայաստանին, քանի որ հայկական կողմը ավելի թափանցիկ է դարձել ու հանդիպումներից հետո պարզ ներկայացնում է այն հարցերը, որ քննարկվել են, մյուս մասն էլ հակված է մտածել, թե այդ ձեւակերպումը Բաքվին զգոնացնող միտում ունի։

Ստյոպա Սաֆարյանի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ երեք սկզբունքների միաժամանակյա կիրառության հարց է դրվել։ Ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հարցեր առանձին վերցրած դիտարկելը ճիշտ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close