ԿարևորՏնտեսական

Աճ բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից

Հայաստանի  վարչապետը 2019-ի տնտեսական արդյունքներից գոհ է և տեսնում է բոլոր նախադրյալները  2020 թվականին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար:  Նիկոլ Փաշինյանն  այս մասին գրառում է արել  ֆեյսբուքյան իր էջում:

«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ՝ ներառյալ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից:

Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են»,- գրել է Փաշինյանը:  Տնտեսագետները նույնպես կարծում են,  որ տնտեսական համակարգն առողջացնելու համար նախադրյալներ կան։

Աճ բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից․ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  2019–ի տնտեսական օպերատիվ տվյալները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում ավելացել է 7.8%-ով ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9, շինարարությունը՝  4.6%-ով, առևտուրը՝ շուրջ 9, արտահանումը՝ 9․5, ներմուծումը՝ ավելի քան 11 տոկոս աճ են արձանագրել։ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է՝ ցուցանիշերը կանխատեսվածից  ավելին են շուրջ 1․5 տոկոսով։

«Որոշ տնտեսագետներ պարբերաբար բոցաշունչ ու  ամպագոռգոռ ելույթներ են ունենում, որ հանքարդյունաբերության մասնաբաժինն ավելանում է, սակայն, եթե մենք դիտարկում ենք արդյունաբերության մեջ  հանքարդյունաբերության մասնաբաժինը, ապա 11 ամսվա տվյալներով   որևէ ավելացում չկա։ Զուգահեռաբար շուրջ 2 տոկոսային կետով վերամշակող արդյունաբերությունն ավելացել է։ Որակական փոփոխության բերել է մշակող արդյունաբերությունը»,– ասում է Մանուկյանը։

Ըստ զրուցակցիս՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կա․ առաջին շուկան շարունակում է  մնալ Ռուսաստանի Դաշնությունը, այստեղ են հիմնականում արտահանվում հայաստանյան ապրանքները։ Միտումների փոփոխությունը, Մանուկյանի խոսքով, արդեն նկատելի է։ 

 «Ի տարբերություն նախկին միտումների՝  միայն հանքարդյունաբերությունից կախվածությունը կամ արտահանման մասնաբաժինը փոխվել է, ինչը ավելի դիվերսիֆիկացված արտահանման մասին է խոսում»։

Ներմուծման  ծավալների 10․8 տոկոսանոց աճը ներառում է նաև ավտոմեքենաների ներկրման ծավալների ավելացումը։  Շինարարության մոտ   4․5 տոկոս աճին նպաստել է հատկապես անշարժ  գույքի շուկայի աշխուժացումը։ 2019–ին  հիպոթեքային վարկերի ծավալն ավելացել է մի քանի անգամ։

«Սա, մեծ հաշվով, բարձրացրել է շինարարության ոլորտի գրավչությունը։ Այստեղ նաև հիպոթեքային շուկայի ու հարկային արտոնությունների մասին պետք է խոսենք։ Նաև նոր գրանցած բիզնեսն է ենթադրում  շինարարության աճ»։  

Միակ ոլորտը, որտեղ անկում է գրանցվել, գյուղատնտեսությունն է։ Այստեղ համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.2%-ով։  Տնտեսագետն ընդգծում է՝ ոլորտում շահութաբերությունը ցածր է, ուստի  երկարաժամկետ  ծրագրերի անհրաժեշտություն կա։ 

 «Դրան է  միտված գյուղապահովագրության, նաև մի շարք սուբսիդավորվող ծրագրերի ներդրումը»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես կարծում է, որ գյուղատնտեսությունը դեռ չունի այն արդյունավետությունը, որ կարճ ժամանակում բարձր արդյունք գրանցի։ Նրանք պետք է բարձր մրցունակություն ունեն, դրա համար մի շարք ծրագրեր են իրականցվում․«Ռեֆորմները, որ նախատեսում ենք իրականացնել, մասնավորապես, հողային ռեֆորմը, որը շատ կարևոր է, կարծում ենք կապահովեն գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ փոփոխություններ»։

Ոլորտում  նախատեսվում են մի շարք ծրագրեր՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների  սուբսիդավորում, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցություն, կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում, փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն։ 

Գյուղատնտեսության զարգացման համար   առաջնային է նաև  ոռոգման ցանցի արդիականացումը։ Այստեղ էլ իրականցվում է արդիական համակարգեի ներդրման համաֆինանսավորման ծրագիր։

Back to top button