Ծովահայեր

Վանա լճի ստորջրյա մեծ առեղծվածը. «Ծովահայեր»

 Ի՞նչ են թաքցնում օվկիանոսները, ծովերը, լճերը…

 Դարեր ի վեր մարդկությունը ջրերի խորքն ուսումնասիրելու ուղիներ է փնտրել,  ի սկզբանե  մարգարիտներ, խորտակված նավեր ու գանձեր որոնելու, հետո՝ ջրասույզ հուշարձաններ ու նույնիսկ բնակավայրեր, ավելի ռոմանտիկները՝ մի ամբողջ երկիր՝ Ատլանտների երկիրը: 

 Մեր օրերում սուզորդներից շատերը գնում են հետաքրքիր զգացողությունների հետևից, տեսնելու այն,  ինչը շատերին անհասանելի է՝  հեքիաթային աշխարհ հիշեցնող գունեղ մարջաններ, զբոսանք ձկնիկների,  դելֆինների, ծովային կենդանիների հետ: Հայ սուզորդներից ոմանք էլ ավելի հետաքրքրված են ջրասույզ հայկական նավերի, բնակավայրերի ու հուշարձանների փնտրտուքով: 

 Վանա լճի մակարդակը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է` ջրասույզ անելով ու միաժամանակ պահպանելով  հայոց պատմական հուշարձանների մի կարևոր մաս:

Վասպուրականի 5-րդ գահերեց իշխանի՝ Գագիկ Արծրունու կառուցած պարիսպների ու դեռ 10-րդ դարում արհեստական նավահանգստի նկարագիրն է տալիս հայ մատենագիրներից Թովմա Արծրունին:

«Իր պարսպած բազմաթիվ ամրոցներից հատկապես երկուսը գրավում են դիտողին՝ ստիպելով ակնապիշ նայել: Մեկը Ոստան ավանն է՝ ծովեզերքին, Ռշտունյաց գավառում… Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով` հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում՝ ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ` զարդարված ոսկեզարդ ու պես-պես ներկերով: Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման ու մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա՝ դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը և պես-պես գույներով շրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին»:

Մատենագրի հաջորդ վկայությունը Աղթամար կղզում կառուցված արհեստական նավահանգստի նկարագիրն է, ինչը բնորոշ էր ժամանակի առաջադեմ երկրների ճարտապետական մտքին։

«Հրաման տվեց բազմաթիվ արհեսավորների և անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարակիր վեմ քարեր և գցել ծովի անհնարին խոր հատակը: Այսպես մեծն արքան ջանքեր թափեց ու անսպասելիորեն կանգնեցվեց ծովից 5 կանգուն բարձրությամբ քարահատակ ամբարտակ, որը մտքի աչքերով, ինչպես ցամաքի վրա, հաստատուն կերպով դրեց մեծ քարերի շարքով: … Ծովի խորահատակ հիմքերի բերանին նա դրեց ահավորատես, հաստահեղույս, բևեռապինդ դռներ: Այսպիսով ծովի մի մասն առնելով կղզու կողմը նա հրաշալիք գործեց և ստեղծեց խաղաղ ու անքույթ նավահանգիստ՝ նավերի խմբի համար: Հրաշակերտից ավելի լավ, քան արել էր Ալեքսանդրը՝ Մակեդոն քաղաքից»:

Գագիկ Արծրունու թողած պատմական ժառանգությունն այժմ ննջում է Վանա լճի հատակին։

«Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայան

Աղթամար կղզու արհեստական նավահանգստի պատերը լճի 20 մետր խորությունում 1999 թ.-ին տեսել է «Կիլիկիա» առագաստանավի  նավապետ Կարեն Բալայանը, սակայն տեխնիկայի բացակայության պատճառով չի փաստագրել:

Թե հայ, թե թուրք սուզորդները Վանի հատակին զանազան պատերի ու շարվածքների են հանդիպել, սակայն դժվար է թվագրել առանց մասնագիտական հետազոտության: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ամիսներ շարունակ շրջել է Լճի ափերով, չափագրել ու թվագրել հայկական հուշարձանները:

«Արծրունյաց թագավորության շարվածքը ավելի խոշոր քարեր են, բայց նրանից խոշոր Վանի շրջանի թագավորության շարվածքն է, ավելի մանր և նույնիսկ արդեն ոչ անմշակ քար, այլ աղյուսի համադրությամբ․ արդեն գալիս է օսմանյան ժամանակաշրջանի շարվածքը, նույնիսկ հում աղյուսից, այսինքն՝ հողից», — ասում է Սամվել Կարապետյանը:

Վանա Լճի հյուսիսային մասում՝ Հայոց բնօրրանի սիրտը համարվող Արծկեում ջրասույզ է պատմության հուշարջձանների մի կարևոր հատված, Արծկեի ծովային բերդը:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան

«Եթե Արծկեի ափերիզով գնանք, այստեղ մի քանի վանքեր կան, որ ջրասույզ եղան հետագայում, օրինակ՝ այստեղ մի գերեզմանոց կա մի կղզյակի վրա, Արջրա գյուղի դիմաց, 200 մետր պետք է ջրի միջով քայլես, որ հասնես խաչքարերի մի խմբին, որ երևում են հենց ջրի մեջ, ալիքներն անվերջ խաչքարերի վրայով գնում գալիս են», — նշում է հուշարձանագետը:

Սամվել Կարապետյանն իր «Հայաստանի պատմություն» 6-հատորյա շարքի երրորդ՝ Արծկե Գրքում զետեղել է ջրասույզ հուշարձանների գտնվելու վայրերն ու նկարները:

«Ֆրանսիացի Ժան Միշել Թիերին ջրասույզ եղած մի վանքի գերեզմանոցից մի լուսանկար ունի, որտեղ միայն մի խաչքարի վերին մասն է: Ծովի մեջ խաչքարն է և շատ տպավորիչ է», — ասում է Կարապետյանը:

Եթե Վանա լճի քարտեզին պատկերավոր նշենք ջրասույզ բնակավայրերի, բերդերի, եկեղեցիների, խաչքարերի ու պատմական հուշարձանների դիրքը հյուսիսից դեպի արևելք ու հարավ, կունենա հետևյալ տեսքը:

Սկսենք Արծկեից

 Գրեթե 9 դար լիճը դարձել է Արծկեի Ծովային բերդի  թաքստոցը: Պատնեշից այն կողմ գտնվում է աշտարակը, ինչի մոտ 2019թ.-ին հայ սուզորդները հայտնաբերեցին հայկական գրերով տապանաքարն ու այլ հուշարձաններ: 

Ավելի հյուսիս Կողուց վանքն է՝ Կոճերաց վանքը, այնուհետև Արճրան է, վանքի ավերակներով, 13-րդ դարի խաչքարերով ու գերեզմանաքարերով:

Արճեշ քաղաքն է, ինչն ամայացավ արդեն 19-րդ դարի սկզբին, այնուհետև  Խառականց   բնակավայրի 16-րդ դարի ջրասույզ  խաչքարեր են։

 Լճի ժայռոտ ափերից մեկում հետաքրքիր բացվացք կա, ինչը մասնագետներից  ոմանց կարծիքով Ուրարտական շրջանի նավահանգիստ կարող էր լինել:

Լճի հարավային կողմում՝ Ռշտունյաց գավառի Ոստանավանում, այժմ՝ Գեվաշի հատվածում, կարող ենք փնտրել Գագիկ Արծրունու պալատի պատերը: 

Ախթամար կղզում՝ արհեստական նավահանգիստը, ինչն արդեն 9 դար պահպանում է Վանի ջրերը:

Ջրասույզ խաչքարեր ու հուշարձաններ կան նաև Տատվանում:  

Պատմության հետքերով սուզվել, տեսել ու տեսագրել են հայ սուզորդները։ Պատմության ջրասույզ էջերի բացահայտումների ու հայ ջրասուզակների արկածների մասին կպատմենք մեր շարքի հաջորդ թողարկումներում:  

Back to top button