ԿարևորՀասարակություն

Պատրաստում ենք հայկական հարիսա

Աշխարհի հնագույն խոհանոցներից մեկի` հայկականի բաղկացուցիչ մասն են կազմում սննդարար ձմեռային կերակրատեսակները։ Անհնար է ձմեռը պատկերացնել նաև առանց տաք ուտեստների, որոնցից ամենահայտնին հարիսան է։

Մեր խոհանոցի  ամենահամեղ ճաշատեսակներից մեկը անտարբեր չի թողնում օտարերկրացիներին։ Բավական է մեկ գդալ համտեսել և այն կդառնա ամենասիրելի ուտեստներից մեկը նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Սիրիաբնակ Դիմա Խաթիբին հանդիպեցի Երևանի սրճարաններից մեկում։ Մեր ընդհանուր ծանոթն էր նրան հրավիրել համտեսելու հայկական քացրավենիքներ, մասնավորապես գաթան։ Շատ հավանեց: Թեև սա Դիմայի առաջին այցելությունն է Հայաստան, հայկական խոհանոցին նոր չէ, որ ծանոթանում է։ Սիրիայում ևս շատ հայկական ռեստորաններ կան, հայ ընկերներ ունի։

«Սուրբ ծնունդին իմ հայրիկի ընկերոջ տանը տոլմա, սպաս, հայկական սուջուխ, հարիսա եմ փորձել։ Շատ համեղ է ամեն ինչ։ Հատկապես սուջուխն ու հարիսան են դուր եկել։ Հետաքրքիր, գունավոր ուտելիքներ են, համեմունքներով շատ եմ նմանեցնում  թուրքական խոհանոցին»։

Հանրապետության գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայում եմ։ Ինչ որ աղցան էր կտրատում, երբ ներս մտա։

-Պարոն Մամուլյան, հաճախ հայկական խոհանոցը, հատկապես Հայաստանի սահմաններից դուրս, նմանեցնում են թուրքական, արևելյան կամ այլ երկրների ազգային խոհանոցներին։

-Նախ մի ճշտում անեմ, իրականում թուրքականը պետք է նմանեցնեն հայկականին, որովհետև մեր խոհանոցը տարածաշրջանի այլ աղգերի խոհանոցի համար հանդիսանում է դոնոր։ Սրանք իմ խոսքերը չեն։ Ես մեջբերում եմ ամենալուրջ ուսումնասիրողներից մեկի՝ Վիլյամ Վասիլևիչ Պախլյոբկինի արտահայտությունը։

Սեդրակ Մամուլյանը նկատում է, որ բոլոր ազգային խոհանոցները մեկ ընդհանրություն ունեն` բնակլիմայական պայմանները։ Տարբերությունը՝ կենցաղավարությունն է` ասում է։

Սեդրակ Մամուլյանը հենց տեղում որոշեց  սիրիաբնակ հյուրիս` Դիմա Խաթիբիի համար նրա ճաշակած ամենասիրելի հայկական ուտեստը պատրաստել, բայց պատրաստել հայկական ավանդական եղանակով։

Հարիսայի հաճելի բույրը տարածվեց անգամ Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի պատերից դուրս։ Սա, թերևս, հայկական խոհանոցի ամենահայտնի ու ամենահամեղ ճաշատեսակներից է, որը հաճույքով ենք համտեսում ձմեռային ցուրտ օրերին։ Հարիսա պատրաստելիս եւ համտեսելիս սովորաբար հրավիրում ենք հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։

Ցուցադրել ավելի
Back to top button