ԿարևորՔաղաքական

Ոչ խտրական ընդհանուր շուկայի ձեւավորման առաջարկ. ինչ հարցեր են քննարկվել Ալմաթիում

Հայաստանն աջակցում է Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին՝  երեկ Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոչ խտրական մոտեցումների հիման վրա անհրաժեշտ է ակտիվացնել ընդհանուր շուկաների ստեղծման ջանքերը։    

Ալմաթիի նիստին 5 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետերից բացի, դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաեւ Մոլդովայի կառավարության ղեկավարը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված էին 12 հարց։ Դրանք վերաբերում էին անդամ պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը, փոխադարձ առեւտրի ընդլայնմանը, խոչընդոտների վերացմանը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում ինտեգրացիոն պոտենցիալի զարգացմանը:

«Կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա»,-հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ալմաթիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանի լիազորությունները։ Եզրափակիչ փաստաթղթերի ստորագրումը անդամ երկրների վարչապետերի կողմից նրա 5-ամյա նախագահության շրջանի հերթական արդյունքներն էին։ Ամփոփելով, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն արձանագրեց՝  Միության ներսում կան դրական փոփոխություններ։   

Կատարված փոփոխություններն էլ արժեւորվեցին պարգեւատրման արարողությամբ։ Միխայիլ Միշուստինի կողմից Տիգրան Սարգսյանին՝ 5-ամյա գործունեությամբ Միության համար «նոր հորիզոններ բացելու համար»։ Հասցեատերն այն ընդունեց ոչ միայն որպես անձնական գնահատանք։

Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում կփոխարինի Միխայիլ Մյասնիկովիչը: Վերջինս զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության վարչապետի եւ ԱԺ խորհրդի նախագահի պաշտոնները։    

«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումներից զատ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում երկկողմ հանդիպումներ էին: Շնորհավորանք ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին.

«Հայաստանի եւ Ռուսաստանի, նրանց ղեկավարների հանդիպումներն, իհարկե,  միշտ էլ ջերմ մթնոլորտում են անցնում, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ ունենք հնարավորություն մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Ես վստահ եմ, որ Ձեզ հետ համագործակցությամբ մեզ կհաջողվի դա անել»,-ասաց վարչապետ Փաշինյանը։ 

«Հույս ունեմ՝ Ձեր կառավարությունը կաջակցի այն տնտեսական դինամիկային, որն այսօր կա Հայաստանում»,-հավելեց վարչապետ Փաշինյանը։ ՌԴ կառավարության նորանշանակ  նախագահ Միխայիլ Միշուստինի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրանիկ ծանոթություն-հանդիպումն էլ կայացավ ավանդական ջերմ մթնոլորտում եւ  հավերժացվեց ոչ միայն պաշտոնական լուսանկարներով։  

ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է շարունակելու կառուցողական հարաբերություններն ու հայ գործընկերների հետ շփումները՝  վստահեցրեց Միխայիլ Միշուստինը. «Ռուսաստանը Հայաստանի արտաքին առեւտրատնտեսական առաջատար գործընկերն է։  18 թվականին երկկողմանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ մոտ  2 մլրդ դոլարով։ Այդ աճը շարունակվել է նաեւ անցած տարի՝ հունվարի-նոյեմբերին կազմելով 17-60 տոկոս։ Դա լավ է, անհրաշեշտ է ամրապնդել այս դրական միտումը, փնտրել կոոպերացիայի համար նոր ասպարեզներ»։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ ձեւաչափով հանդիպում ունեցավ նաեւ Մոլդովայի Հանրապետության կառավարության ղեկավար Իոն Կիկուինի հետ: Հստակեցվեց մի բան՝ տնտեսական հարաբերությունները բավարար չեն, պետք է աշխատել։ «Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Մոլդովայի վարչապետը համակարծիք էր։ Իր հերթին երկկողմ տնտեսական չօգտագործված պոտենցիալի մասին շեշտեց. «Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել»։

Առավել գործնական քննարկումները կշարունակվեն. Նիկոլ Փաշինյանին Մոլդովայի վարչապետը պաշտոնապես հրավիրեց իր երկիր այցի։  

Ցուցադրել ավելի
Back to top button