Վերլուծական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկարատեվ հանդիպումը՝ փորձագետների քննարկման առանցքում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ  եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղման ուղղված ժամանակացույցը եւ օրակարգը:

Մնացականյան–Մամեդյարով մոտավորապես 12 ժամ տեւած երկօրյա հանդիպումն իր տեւողությամբ քննարկման առիթ է դարձել քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։

Քաղաքագետ Թուան Պողոսյան.« Երկարատեւ քննարկումներ ունեցել են նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը։ Դրանում արտառոց որեւէ բան չկա»։

Հանդիպման երկարատեւության առումով այլ մեկնաբանություն ունի արցախցի քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը։ Տեւողությունը պայմանավորված է հայկական կողմի դիրքորոշման փոփոխությամբ, ինչն անընկալելի է ադրբեջանական կողմի համար` ասում է։

«20 տարվա պարտվողական քաղաքականությունը մի կողմ է դրված։ Բա ի՞նչ եք ուզում։ Երկար քննարկում են, որ հասկանան»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարությամբ վերահաստատում են  հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտում են արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: Հատկապես գաղտնիության մասին ձեւակերպումն է առավել քննարկվող թեմա դարձել հայտարարությունից հետո։ Ինչ է սա նշանակում։

Թեւան Պողոսյան․ «Կոնֆիդենցիալության մասը Մամեդյարովին էր ուղղված, քանի որ ամեն հանդիպումից հետո հայտարարություններ էին անում»։

Հրաչյա Արզումանյանի կարծիքը միանգամայն այլ է, գաղտնիության մասին ձեւակերպումը հայկական կողմին է ուղղված` ասում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչի մասին պարզ խոսվում է  ու այդ ձեւակերպումը պետք է, որ անընդունելի լինի հայկական կողմի համար»։

Թեեւ ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, սակայն  փետրվարի իննից հետո որոշ փոփոխություններ տեղի կունենան Ադրբեջանում։ Փորձագետները քիչ հավանական են համարում Մամեդյարովի հետագա պաշտոնավարումը։

Back to top button