ԿարևորՀասարակություն

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը չի փակվի

Կառավարության որոշմամբ  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միանալու է  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Երկու բուժհաստատությունների միավորման նպատակը առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է: 

ՁԻԱՀԻ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բաց նամակովս դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Խնդրին այսօր անդրադարձել է առողջապահության  նախարար Արսեն  Թորոսյանը։

Երեւանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը չի փակվում, այլ միանում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։ Այդ կենտրոններից ոչ մեկի ո՛չ գործառույթների, ո՛չ էլ բուժաշխատողների  կրճատումներ չեն լինելու։ Հայտարարությունը  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է։ Որևէ կառույց չի քանդվում, որևէ մեկի կատարած աշխատանքն  առողջապահության ոլորտում չի նսեմացվում։ Նոր մոտեցումները պահանջում են, որպեսզի մեր երկրում էլ փոխվեն այդ հիվանդության ախտորոշման, բուժման մոտեցումները։

«Մի քանի տասնամյակ առաջ, երբ նոր էր սկսել հայտնի դառնալ ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի մասին, իսկապես կար առանձին մասնագիտացված կենտրոնի անհրաժեշտություն, որը կզբաղվեր միայն այդ հիվանդությամբ։ Այսօր, միջազգային երաշխավորությունների համաձայն, նման անհրաժեշտություն արդեն չկա»։

Սակայն ՁԻԱՀ–ի կանխարգելման  հանրապետական  կենտրոնը երեկ կառավարության որոշումից հետո  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  կասեցնելու որոշումը և հարցը քննարկել  մասնագետների շրջանում։ Կենտրոնի համաճարակաբանական հսկողության  բաժնի վարիչ  Արշակ Պապոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ  իրենք էլ ունեն իրենց հիմնավորումները, թե ինչ լուրջ վտանգների  առաջ  որոշումը կհանգեցնի։ Համաճակաբանական հսկողության թուլացման, վարակի կառավարման, պացիենտներին  բժշկական օգնության տրամադրման առումով  բազմաթիվ խնդիրներ կառաջանան, ասում է։

«Մեր ակնկալիքն այն էր, որ բաց նամակով դիմելու պարագայում  մեր խնդրանքն եղել է կասեցնել որոշման կիրարկումը, կազմակերպել այդպիսի քննարկում, լսել մասնագետներին և նոր կայացնել  համապատասխան որոշում»:

Հուսով են, որ կկազմակերպվի մասնագիտական քննարկումը։ Նախարար Թորոսյանը պնդում է` որևէ բարեփոխում  կատարելու անհրաժեշտության դեպքում գնալու են այդ քայլին և դա պետք է նայել առողջապահության  ոլորտի բարեփոխում, այլ ոչ՝ կայացած կառույցի քանդում։  Յուրաքանչյուրն այս պահին մնալու է  իր շենքում։ Ինֆեկցիոն հիվանդանոցում նախատեսվում է կապիտալ վերանորոգում, որի նախագծա–նախահաշվային աշխատանքները կատարվում են։

«Բայց  դա չի նշանակում,  որ  ռեսուրսների  համատեղ օգտագործում  չի կարող  լինել։  

Առայժմ նաև հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու  երկու կենտրոնների  ղեկավարության հարցը։ Սակայն պարզ է, որ  բուժկենտրոնների միավորումից հետո  պացիենտներն  իրենց հակառետրովիրուսային  թերապիան ստանալու են այնտեղ, որտեղ ստացել են՝ կենտրոնում։ Սակայն եթե լինեն համակարգային փոփոխություններ, հնարավոր է , որ ստանան նաև այլ տեղ, ասում է նախարարը, սակայն միաժամանակ պնդում, որ պետությունն իր երաշխիքները ոչ միայն չի քչացնում, այլ հակառակը՝  մեծացնում է։

«Եվ հնարավոր են նաև այնպիսի փոփոխություններ, որ այդ դեղերի ստացման գործընթացն ապակենտրոնացվի  և  նրանք ստանան իրենց դեղերը ավելի  մոտ տեղում  կամ հաշվի առնելով  Հայաստանի փոքր աշխարհագրական չափերը  շարունակեն ստանալ նույն տեղից։ Այսինքն` վտանգ, որ  մեր որևէ քաղաքացի, որն ունի այս պահին պետական երաշխիք ինչ որ հիվանդության բուժման և կդադարի  ունենալ այդ երաշխքիը, պարզապես չկա» ։    

Կենտրոնից, սակայն, նշում են, որ  փորձելու են տարբեր միջոցներով  իրենց ձայնը լսելի դարձնել՝  չի կարելի  կայացնել  որոշումներ՝ առանց հաշվի առնելու մասնագիտական կարծիքը` ասում են։ 

Ցուցադրել ավելի
Back to top button