Կորոնավիրուս․ Հայաստանը՝ ցածր ռիսկի գոտում


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարել Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով։
Ինչպես նշվում է ԱՀԿ–ի հայտարարության մեջ, կորոնավիրուսի տարածումը կարելի է կանխել, եթե աշխարհի երկրները միջոցառումներ ձեռնարկեն վիրուսի վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ, մեկուսացնեն հիվանդներին և հետևեն նրանց կոնտակտներին։
Միաժամանակ` կազմակերպությունը ապրանքի և մարդկանց տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չի առաջարկում։
Վերջին տվյալներով, ՉԺՀ–ում մահացածների թիվը գերազանցել է 210–ը։ Հունվարի 29–ի դրությամբ` գրանցվել է 7711 վարակման դեպք։ Հայաստանում վիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով երեկ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Վերջինին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ, այնուամենայնիվ, որոշեց միջազգային մակարդակի արտակարգ իրավիճակ հայտարարել Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց․
«Որոշումը կայացվել է երեկ։ Հիմքում երեք հիմնական պատճառ կա․ սա բարձր ռիսկայնությամբ արտակարգ իրադարձություն է։ Հանրային առողջության տեսանկյունից սա մեծ ռիսկ է պարունակում ոչ միայն Չինաստանի համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսը, այլև ամբողջ աշխարհի։ Երրորդ գործոնը՝ իրավիճակի դեմ պայքարելու համար պահանջվում է միջազգային հանրության միասնական արձագանքը։ Անցյալում նման իրավիճակ գրանցվել է Էբոլա, Վիկա, H1N1 վիրուսների համաճարակի ժամանակ։ Կազմակերպությունը ընդունեց նման որոշում, որպեսզի բոլոր երկրները աշխատեն համատեղ, գործողությունները համակարգվեն և մարդիկ հնարավորինս քիչ հիվանդանան ու մահանան»։
Համաճարակի կանխարգելման նպատակով` Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը առավոտյան գումարել է առաջին նիստը։ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում ՀՀ շուրջ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է անհրաժեշտ գործողություններ: Նա նաև նշել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունը: Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը: Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց․
«Քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը»։
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»:
Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ 99.9 տոկոսով Հայաստանում կորոնավիրուս չկա։ Հայաստանը դեռևս համարվում է ցածր ռիսկի գոտի։ Մեր երկիրը, ինչպես բոլոր երկրները, ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունի, քանի որ հիվանդությունը նոր է, և թեստերը նոր են մշակվում։
Չինաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով ախտորոշիչ թեստերը կտեղափոխվեն Հայաստան։ Դրանք կիրառվելու են միայն այն մարդկանց համար, որոնց մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ի հայտ կգան։