ԿարևորՀասարակություն

Գյուղապահովագրությունը սկսվել է. արդեն պայմանագրեր են կնքվում ծիրանի և խաղողի այգիների համար

Փետրվարի 15-ին լրանում է ցրտահարության դեմ ապահովագրության ժամկետը, իսկ մարտի 25-ին՝ կարկտահարության և հրդեհի: Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության պատասխանատուները հորդորում  են գյուղացիներին գնել վաճառքի պայմանագրեր: Առայժմ պայմանագրերը կնքվում են ծիրանի և խաղողի այգիների համար, շուտով հասանելի կլինի հացահատիկը, դեղձն ու խնձորը: Արմավիրի մարզում առաջարկվել է գործարքը կազմակերպել գյուղերում:

Անցած տարվա սեպտեմբերից գյուղատնտեսության մեջ ներդրվել է ապահովագրության համակարգը, որով ծիրանի և խաղողի այգիները ապահովագրվելու են գարնանային ցրտահարությունից, կարկուտից և հրդեհից: Արմավիրի մարզում  հասանելի են նախատեսված բոլոր ռիսկերը:  Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հորդորում է գյուղացիներին վաճառքի պայմանագրեր ձեռք բերել ապահովագրող 3 ընկերությունում. «Ռոսգոսստրախ Արմենիա, Սիլ Ինշուրանս, Ինգո Արմենիա, բոլորին ասեք, որ գնան և հնարավորինս շատ ձեռք բերեն»:

Արմավիրի մարզում տարբեր ռիսկային գոտիներ են, որոնց տիրապետում են գործակալության մասնագետները, իսկ գյուղացիները կարող են ընտրել ապահովագրական 5 ծածկույթից որևէ մեկը:  Կարկտահարության և հրդեհի դեպքում կառավարությունը սուբսիդավորում է վնասի 50 տոկոսը, իսկ ցրտահարության դեպքում՝ 60 տոկոսը: Ապահովագրության 10 տոկոսը չհատուցվող գումար է:

«Արմավիրի Արևիկ գյուղը գտնվում է ամենացածր ռիսկային գոտում, ծիրանի համար պայմանագիրը կարող է լինել 8200 դրամից՝  սա ամենացածր ապահովագրական ծածկույթն է, 400 հազ դրամ՝ 1 հեկտարի կտրվածքով մինչև.  եթե ընտրի ամենաբարձր ապահովագրական ծածկույթը՝ 24 600 դրամ, մյուս 24 600 դրամը վճարում է պետութունը: Բայց եթե 100 տոկոսով կարկուտը այգին վնասի, 1 միլիոն 200 հազար դրամից չփոխհատուցվող գումարը հանում ենք՝ 120 հազար դրամ, ստացվում է 1 միլիոն 80 հազար դրամ, որը տրվում է այգետիրոջը»:

Այսինքն, ապահովագրությունը մատչելի են դարձրել գյուղացիների համար: Մրգաշատ գյուղից այգեգործ Երեմ Առաքելյանն արդեն սկսել է այգիների էտը: Խաղողի և ծիրանի այգիներն ապահովագրելու նպատակով օրերս դիմել էր Ինգո Արմենիա ապահովագրական  գործակալություն, որտեղ  դեռ չէին սկսել գյուղապահովագրության գործընթացը: Նույնը կրկնվել էր նաև Սիլ Ինշուրանս գործակալությունում: Նարեկ Հովակիմյանը խոստացավ կարգավորել հարցը: Նա ասում է, որ գյուղապահովագրության դեպքում  վնասի փոխհատուցումն ավելի մեծ է լինելու, քան չապահովագրելու դեպքում կառավարությունից ակնկալվող աջակցությունը, որի համար գյուղացիները բողոքի տարբեր միջոցների են դիմում: Այգեգործ Երեմ Առաքելյանը մոտ օրերս դարձյալ կդիմի գործակալություն՝ գյուղապահովագրության նպատակով:

«Ինչ որ 30000 դրամ է, հաստատ չգիտեմ, հիմա իմ այգին 4000քմ է, մի 15000 դրամ կանի, ինչի չանենք որ»:

Մշակվել է վնասի փոխհատուցման հաշվարկի ձևը, որն իրականացնելու են անկախ վնաս գնահատողները: «Վնաս գնահատողը գալիս է, 5-6 ծառ միասին ընտրում են, միջկմախքային ճյուղի վրայից հաշվելու է վնասված և չվնասված բերքի հատիկները և դուրս բերելու միջինացված տոկոսը»

Եթե այգին վնասվել է 100 տոկոսով՝ փոխհատուցումը տրվում է  աշխատանքային  5 օրվա ընթացքում, եթե մասամբ՝ բերքահավաքի ժամանակ: Վնասի վերջնական գնահատումն արվում է բերքահավաքից առաջ:

Շուտով բոլոր մարզերում վաճառքի կլինեն հացահատիկի՝ ցորենի և  գարու, խնձորի ու դեղձի պայմանագրերը: Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում 107 հա-ի վրա  հացահատիկային մշակաբույսեր են ցանում: Այս տարի միջին բերքատվությունը 40 ցենտներ է եղել: Համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանն ասում է, որ գյուղացիներին տեղեկացրել են ապահովագրության մասին:

«Բնակիչները հետաքրքրված են, աշխատելով ապահովագրական ընկերությունների հետ, ավելին կիմանան ու իրենց շահերը կպաշտպանվի»

Ավելի շատ պայմանագրեր ձեռք բերելու դեպքում՝ կավելացնեն նաև մյուս մշակաբույսերի ապահովագրությունը: Արմավիրի մարզում առաջարկվեց, որ  ապահովագրական գործակալները գնան գյուղեր և տեղում կնքեն վաճառքի պայմանագրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button