ԿարևորՄիջազգային

Բրեքզիթ․ քաղաքական ապահարզանը՝ կեսգիշերին

Միացյալ Թագավորության ու Եվրամիության պատմության մեջ այսօր պատմական օր է։ Այսօր 28 պետությունից բաղկացած եվրոպական ընտանիքը լքում է նրա  նրա առանցքային անդամներից մեկը։

Բրյուսելի ժամանակով ուղիղ կեսգիշերին Մեծ Բրիտանիան, ավելի քան երեքուկես տարի տևած բուռն քաղաքական գործընթացներից հետո, վերջապես դուրս կգա Եվրամիությունից։

Բրիտանացիները, որոնք ներկայացնում էին Լոնդոնը Եվրամիության կառույցներում, հավաքում են իրերն ու վերադառնում տուն, կեսգիշերին Եվրամիության բոլոր կառույցների շենքերից կիջեցվեն բրիտանական դրոշները։  Այսօր երեկոյան պատմական պահը կնշվի Լոնդոնի կենտրոնում տոնական իլյումինացիայով, ապահարզանից մեկ ժամ առաջ վարչապետը ուղերձ կհղի բրիտանացիներին։ Բորիս Ջոնսոսնն այսօր արդեն խոսել է։ Նա ասել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալը նոր փուլի սկիզբ է բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո:

«Ամենակարևորը, որ պետք է ասենք այսօր, այն է, որ սա ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Սա այն պահն է, երբ լուսաբացին վարագույրը բարձրանում է՝ նոր արար սկսելու համար: Սա է իրական ազգային նորացման և փոփոխության պահը», — ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Բրիտանացիների, Լոնդոնի ու նրա եվրոպական գործընկերների կյանքում լուրջ փոփոխություններ հենց փետրվարի մեկից տեղի չեն ունենա։ Վաղվանից կմեկնարկի ու մինչև 2020–ի ավարտը կտևի անցումային փուլը Լոնդոն–Բյոււսել հարաբերություններում։ Ֆորմալ  ներկա հարաբերությունները կպահպանվեն՝ բացի Լոնդոնի ձայնի իրավունքից, այսինքն Եվրամիության համընդհանուր որոշումների համար քվեարկությունն այսուհետև 27 պետությունների դիրքորոշում հաշվի կառնի։ Սա միակ էական փսփոխությունն է վաղվանից։ Այսինքն,  Բրիտանիան կզրկվի Եվրամիության մարմիններում ներկայացուցչությունից, բայց  մինչև տարեվերջ  կենթարկվի Եվրամիության կանոններին և որոշումներին: Անցումային շրջանում հասարակ քաղաքացիների համար՝ առևտուրը, սահմանի հատումը տեղի կունենա նախկինի պես։

Չնայած փոփոխությունները հենց այսօր կեսգիշերին ակներև չեն դառնա, սակայն Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը պատմական շրջան են ապրում։ Եվրոպական ընտանիքում Մեծ Բրիտանիան մնաց 47 տարի և մեկ ամիս։ Ետդարձի ճանապարհ վաղվանից այլևս չկա․ եթե Լոնդոնը մինչ օրս գոնե տեսականորեն կարող էր հետ կանչել բրեքզիթի դիմումը, փետրվարի մեկից հետո, եթե բրիտանացիները կրկին ցանկանան վերադառնալ եվրոպական ընտանիք, ստիպված կլինեն  անցնել սկսնակի բոլոր ընթացակարգերը, ինչպես արևելաեվրոպական պետությունները։  

Գնահատելով երեք ու կես տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեն, որով բրիտանացիները վճռեցին երկրի ապագան, նշում են, որ եվրահոռետեսների հաղթանակն այդ պահին պայմանավորված էր ԵՄ–ում տեղի ունեցող ընդհանուր բնույթի բացասական գործընթացներով, այդ թվում՝ անօրինական միգրանտների հոսքով և նրանց նկատմամաբ Բյուսելի քաղաքականությամբ։

Բրեքզիթի  կողմնակիցները այսօր էլ պնդում են, որ ԵՄ–ն սպառել է իրեն՝ առևտրային, պրագմատիկ կազմակերպությունից վերածվելով պետությունների ինքնիշխանությանը վնասող հզոր կառույցի: Կան հոռետեսական կանխատեսումներ, որ Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից սկիզբ է դնում այդ կառույցի փլուզման գործընթացը։

Ցուցադրել ավելի
Back to top button