ԿարևորՀասարակություն

Աշխարհում գնաճ է, Հայաստանում ՝ գնանկում

Մինչ  ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցում  վիճակագիրները  գների աճ են արձանագրում, Հայաստանում գնանկումը շարունակվում է։ Անցյալ տարի 12–ամսյա կտրվածքով գնաճը 1 եղել է տոկոսի շրջակայքում։ 

Սա վարչապետ Փաշինյանը  կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունք է համարում։   Տնտեսագետները, սակայն, գնանկումը նույն ոգևորությամբ չեն ընդունում ՝ նշելով, որ  գների նվազումը դրական է սպառողների համար, իսկ բիզնեսի համար՝ ոչ այնքան։

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2018թ. դեկտեմբերից 2019թ. դեկտեմբեր) հազիվ  1 % է կազմել։ Ամենաբարձր ցուցանիշերն արձանագրվել են Հրազդան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել է 1.1%-ով: Տարվա ընթացքում հայ վիճակագիրները գների նվազում են արձանագրել մսամթերքի, կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկաներում։ Մինչդեռ ըստ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի՝ սննդամթերքի համաշխարհային գներն աճել  են 6%-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գների նվազումը  կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունք է համարում։

«Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է»:

ՏՄՊՊՀ–ում նույնպես ապրանքների գների նվազում են արձանագրել։ Օրինակ՝ կարագի շուկայում։

«Վերցրել ենք նորզելանդական կարագը և արձանագրել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր գինը նվազել է 200- 250 դրամով։ Այս կարագը ներմուծվում է գերիշխող դիրք ունեցողի կողմից»։

Գների  ցածր մակարդակը սպառողների համար իհարկե լավ է․ քաղաքացին սպառում է շատ, վճարում է քիչ։  Տնտեսության համար, սակայն,  ազդեցությունը նույնքան միանշանակ չէ։  «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է ՝ գների ցածր մակարդակը ձեռնտու չէ ներդրողներին։

«Պետք է ոչ պոպուլյար բան ասեմ․ գնաճի ցածր մակարդակը  ներդրողների համար լավ չէ։  Նախորդ կառավարությունը որդեգրել էր  ցածր ինֆլացիայի քաղաքականություն, երբ ԿԲ–ն հայտարարում էր 4 տոկոսի նպատակադրման մասին, բայց  կառավարությունը խրախուսում էր ցածր գնաճը։  Սա քաղաքական նպատակներ ուներ։ Նախորդ իշխանությունը չէր ուզում, որ այս առումով անկայունություն լինի։ Նույնն է անում նաև այս կառավարությունը»։

Զրուցակիցս կարևորում է Կենտրոնական բանկի դերը։ Կարծում է, որ  գլխավոր դրամատունն  այստեղ անելիքներ ունի։ Կենտրոնական բանկում պնդում են՝ ֆինանսական համակարգը կայուն է, գները բարձրացնելու  մեխանիզմներ ունեն, այս պահին, սակայն  չեն ցանկանում կտրուկ գործողություններ իրականացնել։ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հիշեցնում է՝ 2006 թվականից են գնաճի նպատակադրման քաղաքականություն իրականացնում ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գնաճն ավելի ցածր է, քան նախանշված  թիրախը։

«Միջազգային ապրանքային շուկաներում գնաճային ճնշումներ չկան։ Բացի դրանից՝ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում  կառուցվածքային բարեփոխումներ են եղել․ որոշ շուկաներում մրցակցության  ավելացման արդյունքում գների նվազում է  արձանագրվել։

Զրուցակիցս կարծում է, որ գնաճը կվերադառնա թիրախային ցուցանիշին, բայց ոչ  Կենտրոնական բանկի կտրուկ գործողությունների արդյունքում։ Կտրուկ գործողությունները, ըստ  ԿԲ խորհրդի անդամի, կազդեն տնտեսական աճի, բնակչության գնողունակության վրա։

«Մարդիկ սովոր են, որ Հայաստանում պետք է գնաճը ցածր լինի։ Սա մեծ ձեռքբերում է ԿԲ տեսանկյունից։ Տարվա ընթացքում տոկոսադրույքը որոշակիորեն նվազեցրել ենք։ Դա կտրուկ չենք անում, տրամաբանված ու փաստարկված։ Միջնաժամկետում, սակայն, հասնելու ենք մեր նախանշված ցուցանիշին»։

Կենտրոնական բանկի նախանշած ցուցանիշը  4 + — 1 տոկոս գնաճն է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button