ԿարևորՀասարակություն

Քաղաքական հետապնդում Հայաստանում որեւէ մեկի նկատմամբ չի իրականացվում․ ոստիկանապետի պաշտոնակատար

Խորհրդարանական մեծամասնությունն այսօր ԱԺ–ում հանդիպում էր  նախատեսել  ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները  վստահեցնում են, որ հանդիպումը  ծրագրել էին ավելի վաղ, բայց նաև չեն հերքում՝ փորձելու են պարզաբանումներ ստանալ երկու օր առաջ տեղի ունեցածի՝ մի շարք հանրային գործիչների բերման  ենթարկելու, հետո ազատ արձակելու  առնչությամբ։ 

Ոստիկանության այդ գործողությունները բավականին քննարկումների ու հակասական գնահատականների արժանացան։

Երկու օր առաջ ոստիկանության գործողությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին ու բավականին հակասական գնահատականների արժանացան։ Երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Հայկ Կոնջորյանը չշտապեցին կատարվածը քաղաքական տեսանկյունից դիտարկել։

Այսօր էլ մինչ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան շեշտեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումը խմբակցությունն է նախաձեռնել, եւ որ նման հանդիպումներ իրենք պարբերաբար անցկացնում են։

 «Հանդիպումը նախատեսված էր, պլանավորված էր արդեն  8, թե՝ 10 օր առաջ. երեկ պետք է լիներ, մենք խնդրեցինք խմբակցության ղեկավարին, քանի որ ապրիլյան հանձնաժողովի նիստ ունեինք եւ մենք ամբողջ հանձնաժողովով չէին կարող ներկա գտնվել, խնդրել ենք-այսօր է տեղափոխվել»։  

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ իշխող խմբակցության պատգամավորների հանդիպումն այսօր բավականին երկար տեւեց։ Հանդիպումից հետո «Իմ քայլ»-ից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե չկա այնպիսի հարց, որը հանդիպմանը չի քննարկվել։ Ասաց, որ անկաշկանդ մթնոլորտում քննարկվել են ե՛ւ անհանգստությունները, ե՛ւ ոստիկանության բարեփոխումների հետ կապված հարցերը։

«Քննարկվել են նաեւ երկու օր առաջվա դեպքերը։ Ամեն ինչ քննարկվել է եւ պատասխաններ ստացվել են։ Տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին։ Մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին՝ վիրավորա՛նք,  քաղաքական գործիչ չէ, ուստի, քաղաքական հետապնդումներից խոսել եւ ինչ-որ քաղաքական գնահատականներ տալ՝ դրանով մենք անարգում ենք այլ քաղաքական գործիչներին, խոսքը չի գնում միայն իշխանական թեւի քաղաքական գործիչների մասին»։  

Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հանրային գործիչների դեմ երկու օր առաջվա ոստիկանության գործողություններն անընդունելի համարեցին խորհրդարանի ընդդիմադիր հատվածի  ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը։ Նրանք հատկապես այդ գործողությունները «հանրային պահանջով» հիմնավորելը համարեցին տարօրինակ ու անընդունելի։

ԲՀԿ–ից Իվետա Տոնոյանը, մասնավորապես, նման գնահատական տվեց, իսկ նույն խմբակցությունից Արման Աբովյանն էլ նշեց, որ այդ գործողությունները նոր հարցեր են առաջացրել։ ԼՀԿ խորհրդարանական խմբակցությունից Տարոն Սիմոնյանն էլ երեկ խոսեց ոստիկանության խնդրո առարկա գործողության անհամաչափության հարցի մասին, որը, նրա խոսքով, իրենց մոտ համապատասխան մտահոգություն են առաջացնում։

Անհամաչափության հետ կապված հարցին այսօր Ալեն Սիմոնյանն այսպես հակադարձեց. «Երբ ինչ-որ մի դժբախտ դեպք է պատահում, կամ մի վատ բան է պատահում, մշտապես հնչում է հարցադրում՝ իսկ որտե՞ղ էր ոստիկանությունը։ Վերջիվերջո, ոստիկանությունն ու իրավապահ մարմիներն ունեն նաեւ կանխարգելիչ ֆունկցիա, նման պարագայում  այդ հարցերը հնչում են։ Ձեր նշած անձիք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, որոնք  դուք ամենուր կարող եք տեսնել։ Իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունը գործել է եւ իր իրավունքների սահմանի մեջ է գործել»։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ տվյալ խնդրի մասին հարցեր նույնպես հնչել են հանդիպման ժամանակ։ Արձագանքելով երկու օր առաջվա գործողությունների վերաբերյալ հնչած քննադատություններին էլ շեշտեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները օրենքի սահմաններում։   

Քաղաքական հետապնդում Հայաստանում որեւէ մեկի նկատմամբ չի իրականացվում՝ շեշտեց ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Արման Սարգսյանն ասաց, որ քննադատությանն էլ նորմալ է վերաբերում, միայն թե՝ քննադատությունը պետք է առողջ լինի։ Նաեւ ասաց, որ այլ հարցերի կպատասխանի առաջիկայում հրավիրելիք մամուլի ասուլիսի ժամանակ։  

Ցուցադրել ավելի
Back to top button