ԿարևորՀասարակություն

Փոփոխություններ՝ երիկամի փոխպատվաստման վճարային համակարգում

2020 թվականից երիկամի փոխպատվաստման վճարային համակարգում փոփոխություններ են եղել։  Նախկին 50/50–ի փոխարեն, պետությունը իր վրա է վերցրել վճարման մեծ չափաբաժինը՝ 75/25  տոկոս հարաբերակցությամբ։

Առողջապահության նախարարի խորհրդատու Հելեն Նազարյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել է,  որ այժմ փոխպատվաստման վիրահատության 4 մլն դրամը պետությունն է վճարելու, հիվանդը` 1 մլն- ը։

Հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների թիվը մեր երկրում տարեց տարի ավելանում է ։ Այս պահի դրությամբ  Հայաստանում ծրագրային հեմոդիալիզ է ստանում  900 հիվանդ։ Ունենք  գործող 13  կենտրոն, որոնցից  5–ը  Երևանում են, իսկ  8-ը ՝մարզերում։ Եվս  մեկ կենտրոն  օրերս բացվեց Մարտունի քաղաքում։ Առհասարակ  հիվանդների թվի ավելանալուն զուգընթաց նոր կենտրոնների  բացման  կարիք է  առաջանում։

«Արաբկիր» ԲԿ հեմոդիալիզի և  երիկամի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ, առողջապահության նախարարի խորհրդատու  Հելեն Նազարյանը  «Ռադիոլուրի»- ի հետ  զրույցում ասաց, որ  խնդիրներ առաջանում են, երբ հիվանդների թիվն ավելանում է, օրինակ՝  եթե  կենտրոնը նախատեսված է  20 կամ 30 հիվանդի համար, բայց  ժամանակի ընթացքում դառնում  են  40-50–ը։

«Հաշվարկվում է, թե ո՞ր մարզերից կան հիվանդներ Երևանում և ո՞ր մարզերում կա հեմոդիալիզի կենտրոն բացելու կարիք․ որպեսզի  հիվանդը շաբաթը երեք անգամ չգա հասնի  Երևան։ Օրինակ՝ Մարտունիից  շատ հիվանդներ գալիս էին Երևան, որովհետև իրենք ասում են, որ իրենց համար շատ ավելի հեշտ  է շաբաթը երեք անգամ գան հասնեն Երևան, քան` գնան Գավառ։ Այդ պատճառով  այնտեղ  նոր կենտրոն բացելու անհրաժեշտություն կար»,- ասաց մասնագետը։      

Հիվանդների քանակը հաշվի առնելով` առաջիկայում  նոր հեմոդիալիզի կենտրոն կբացվի նաև Երևան քաղաքում։ Ինչ վերաբերում է երիկամի փոխպատվաստման  վիրահատություններին, ապա, Նազարյանի  խոսքով, 2020 թվականից որոշակի փոփոխություններ են եղել։ Հայաստանում հնարավոր է իրականացնել երիկամի փոխպատվաստում միայն կենդանի դոնորից։

Հիվանդը պետք է ունենա հարազատ, ազգակից,  որը անշահախնդիր կարող է դոնոր հանդիսանալ։ Անցնում է համապատասխան հետազոտություն և եթե  որևէ  հակացուցում չի առաջանում, ապա կատարվում է երիկամի փոխպատվաստումը։ Այս մասով փոփոխություններ չկան, փոփոխությունը վերաբերում է վիրահատության վճարման համակարգին։

«2020 թվականից հիվանդի մասնակցության գումարային  մասնաբաժինը կազմում է  1 մլն ։ Եթե մինչև այս պետությունը մասնակցում էր  2.5  մլն , իսկ մյուս 2.5 մլն–ը վճարում էր հիվանդը, ապա հիմա պետությունը մասնակցելու  է 4 մլն դրամի չափով, իսկ մեկ մլն–ը  վճարելու  է հիվանդը»։

Նախորդ տարի իրականացվել է 20 երիկամի փոխպատվաստման  վիրահատություն։  Այս տարի դեռևս վիրահատություն չի կատարվել, սպասում են  հրամանների հաստատմանը։ Նախարարի խորհրդականի խոսքով՝ տարվա ընթացքում  ակնկալվում է  20  և ավելի քանակի վիրահատություն։ Սահմանափակումներ չկան, հիվանդը եթե պատրաստ է վիրահատության և ունի համապատասխան դոնոր, ապա կարող է դիմել և օգտվել պետության սահմանած արտոնություններից։  

Ցուցադրել ավելի
Back to top button