ԿարևորՀասարակություն

Չինական սննդամթերքի մուտքի արգելքը շուկայի վրա էականորեն չի ազդի

Չինական ծագման սննդամթերքի ներմուծման արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել, որ կորոնավիրուսի տարածման վտանգը վերացած է:

Իսկ  մինչ այդ` փորձենք պարզել՝ ինչպես է  չինական սննդի արգելքն անդրադառնում տեղական շուկայի վրա։  Արդյո՞ք արգելքը փոխել է Հայաստանում գործող չինական ռեստորանների կյանքն ու հատկապես ճաշացանկը։ 

Չինաստանում հայտնաբերված կորոնովիրուսը, պարզվում է, ազդում է նաև Հայաստանում գործող չինական ռեստորանների վրա։ Երևանի «Պեկին» ռեստորանի մենեջեր Կարինե Մելիքյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ այցելուների հոսքի նվազում  ունեն, մարդիկ հավանաբար վախենում ու զգուշանում են, բայց վախը հիմնավորված չէ, կարծում է։

«Մենք ապրանքը ստանում ենք Մոսկվայից։  Միայն ծովամթերք են ստանում, մնացած սնունդը տեղական է։ Այդ ֆիրման ապրանքը ձեռք է բերում հիմնականում եվրոպական երկրներից։ Երեկ երեկոյան  զրուցել եմ ֆիրմայի ղեկավարի հետ, նշեց, որ Չինաստանից ևս ապրանքներ ստանում են, բայց առաքումը 4-5 ամիս է տևում, վերջին անգամ սեպտեմբերին են պատվիրել»։     

Չինական ռեստորանի ճաշացանկում ոչինչ չի փոխվել։ Սննդամթերքի խնդիր չունեն։ Ըստ մենեջերի՝ եղած ապրանքը դեռ մի քանի ամիս կբավարարի։

«Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով  Չինաստանից և չինական հումքով այլ երկրներում արտադրված կենդանական  ծագման մթերքի և հումքի ներմուծման արգելքը  կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՀ և  Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությունները հանդես չեն եկել վտանգի վերացման վերաբերյալ հայտարարությամբ»,-տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Չինաստանից ներմուծվող  հիմնական սնունդը ծովամթերքն է, չնայած արգելքը գործում է կենդանական ծագման ցանկացած տեսակի սննդամթերքի վրա։ 

«Սահմանից չինական արտադրանք ներմուծվել չի կարող։ Չինաստանից Հայաստան ներմուծվող կենդանական ծագման սննդամթերքի մեջ հիմնականում ծովամթերքն է՝ ծովախեցգետին, օձաձկներ, ութոտնուկներ, ծովատառեխներ և այլն։ 2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 15 տոննա ծովամթերք, իսկ այս տարի հունվարի 23-ի դրությամբ՝ ընդամենը  1000 կիլոգրամ»։

Հարությունյանի խոսքով՝ նշված ծավալով ծովամթերքի ներկրման արգելքը տեղական շուկայի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող, հատկապես եթե հաշվի առնենք, որ ծովամթերքի ներկրում իրականացվում է ոչ միայն Չինաստանից։  Տեսակետը կիսում է նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Իրականում տեսակարար կշիռը չնչին է և  քանակական առումով պարենային անվտանգության  խնդիր չի կարող ստեղծել  Հայաստանի քաղաքացիների համար։

Արգելքը ժամանակվոր է, բայց, ըստ Մանասերյանի, անվտանգության  նկատառումներից ելնելով   ընդհանրապես պետք է խստացնել  ոչ միայն Չինաստանից, այլև այլ երկրներից ներմուծվող սննդի վերահսկողությունը։ Կարծում  է՝ չլուծված խնդիրներ ունենք այստեղ։

«Միշտ չէ, որ դա պատշաճ մակարդակով է իրականացվում, պետական չափորոշիչների և լաբորատոր հետազոտությունների մասով  մենք բավականին անելիք ունենք»,-ասում է Մանասերյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button