ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն ցանկանում է վերընտրվել. վերընտրվել է ցանկանում նաեւ Թրամփը

ԱՄՆ-ի նախագահը ներկայացրեց Մերձավոր Արեւելքի խաղաղության իր ծրագիրը, որը շատերը համարում են ծրագիր՝ հանուն Իսրայելի ու ընդդեմ պաղեստինցիների։ Պաղեստինցիները, ինչպես «Ամերիկայի Ձայն»-ն է այսօր գրում, այրում են Թրամփի ու Իսրայելի վարչապետ Նեթայահուի նկարները։ Նրանք բողոքում են, որ Թրամփի ծրագիրն Իսրայելի ինքնիշխանությունն է հաստատում Երուսաղեմում ու վերագծում Հորդանան գետի արեւմտյան ափի սահմանները։

Ծրագիրը չի հրաժարվում ՝ «երկու պետություն» սկզբունքից, ու կոչ է անում ապագայում հաստատել Պաղեստինյան պետություն՝ մայրաքաղաք ունենալով Երուսաղեմի արեւելյան հատվածը։ Թրամփն ասում է, թե այս ծրագիրը կրկնապատկում է պաղեստինյան տարածքները, սակայն մյուս կողմից՝ Հորդանան գետի արեւմտյան հատվածի պաղեստինյան տարածքներում Իսրայելի կողմից հաստատված հրեական թաղամասերը դնում Իսրայելի ինքնիշխանության ներքո։ Իսրայելը, ըստ ծրագրի, պիտի չորս տարով սառեցնի հրեաների համար նոր բնակավայրերի կառուցումը։

ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Վանդերբիլդի համալսարանում ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հարցերով դասախոս Թոմաս Շվարցն ասում է, որ եթե պաղեստինցիները մերժեն ծրագիրը, հավանաբար կշարունակեն կորցնել տարածքներ, երբ կառուցվեն հրեական նորանոր բնակավայրեր։ ՝ «Նրանք արդեն չեն վայելում արաբական մի շարք երկրների ֆինանսական աջակցությունը։ Այսինքն՝ նրանց շահերից է բխում արագ համաձայնությունը»,-ասում է նա։

Պաղեստինցի վերլուծաբաններից Հալահ Ահմադը կարծում է, որ այս ծրագիրը արմատապես անհնար է դարձնում ինքնորոշվելու պաղեստինցիների իրավունքը, մի կողմ դնում միջազգային օրեքները եւ մարդու իրավունքները։ Նրա խոսքերով, այս ծրագիրը «օրինականացնում է անօրինական եղանակով կառուցված հրեական թաղամասերը, որոնք հիմք չեն կարող դառնալ խաղաղություն կառուցելու համար»։

Թրամփի ծրագիրը կարող է Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արեւմտյան ափի Հորդանանի դաշտավայրի որոշ հատվածներ։ Իսկ սա այն է, ինչ Նեթանյահուն խոստացել էր նախընտրական իր արշավի ժամանակ։ Ու սա կարելի է համարել մի կարեւոր խաղաթուղթ նրա ձեռքում։
Նեթանյահուն ցանկանում է վերընտրվել։ Վերընտրվել է ցանկանում նաեւ Թրամփը։

Նեթանյահուն կանգնած է կոռուպցիայի մեղադրանքների առջեւ, Թրամփը՝ իմփիչմենթի ենթարկվելու գործընթացին դեմ առ դեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button