ԿարևորՀասարակություն

Ինչ միջոցներով կբարձրանան քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը

Հայաստանը  2020 թվականին առաջին անգամ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար վարկ չի վերցնի։ Բյուջեի վերաբաշխումներ կլինեն, գումարներ կտրամադրվեն նաև պահուստային ֆոնդից, սակայն ներքին ռեսուրսները սպառելուց  հետո միայն։ 

Խնդրին կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է, երբ քննարկվել է քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Որևէ  ծրագիր կիսատ չի մնա՝ վստահեցրել է   Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ  վերջին 1․5 տարում  Հայաստանը  բյուջետային կարգապահության նոր որակ ունի։

Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ, որ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը  բարձրանա  մոտ 30 տոկոսով։ Ավելին, գործադիրում  գիտեն՝  աշխատավարձերը ցածր են, ռիսկայնությունը՝ բարձր։  Վարչապետն էլ արձանագրում է՝  կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում  այս համակարգում աշխատելն արդեն  ոչ գրավիչ է դարձել։ Արդյունքում ՝ մոտ 130 թափուր աշխատատեղ կա ։ Աշխատավարձերի բարձրացման համար ավելի քան 1 մլրդ դրամ է անհարժեշտ։  Ֆինանսական բլոկի պատասխանատուները հետաքրքրվում են՝ ինչ միջոցների հաշվին է բարձրանալու աշխատավարձը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան․«Քանի որ նախագծում աղբյուրը նշված չէր, մենք ենթադրում ենք, որ  վերաբաշխման միջոցով է լինելու։ Եթե այդպես չէ, կամ պետք է պահուստային ֆոնդից տրվի, կամ՝  եկամուտների ավելացմամբ։ Տարին սկսել առանց կանխատեսումների, եկամուտների ավելացմամբ, ճիշտ չէ»։

Բյուջեի վերաբաշխումներ  այս տարի   կլինեն, գումարներ կտրամադրվեն նաև պահուստային ֆոնդից, սակայն  ներքին ռեսուրսները սպառելուց  հետո միայն ։ Սա հստակ հանձնարարական է։ Ֆինանսների նախարար Ատոմ  Ջանջուղազյանը  նույնպես կարծում է, որ  չհաշվարկված հատկացումները ռիսկային են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է.

«Արդարադատության նախարարությունը թող իր  ներքին վերաբաշխումներով հիմա տա, մենք 1 մլրդ դրամը կպահենք մեր հաշվեհամարի վրա, լրացուցիչ տոկոսներ կգեներացնենք, հենց պետք լինի, հանրային ռեսուրսները մաքսիմալ արդյունավետ կկառավարենք»։

Արդարադատության  նախարարին իր աշխատակիցները վստահեցրել են, որ վերաբաշխում չեն կարող անել։ Ռուստամ Բադասյանը, սակայն,  խոստացավ  կատարել վարչապետի հանձնարարականը։

«Մենք այս տարի պետական բյուջեով պլանավորել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր՝  287.7 միլիարդ դրամ։  ՀՀ–ում ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա։  Մենք գիտենք, որ կապիտալ ծախսերը ամբողջությամբ չենք կատարելու»։   

Կառավարությունում կարծում են,  որ այս տարի կապիտալ ծախսերի մեծ մասը կկատարեն։ Բայց գիտեն նաև, որ 100 տոկոսով կատարելը հեշտ չի լինելու։ Ուստի եռամսյակը մեկ կապիտալ ծախսերը կվերլուծեն ու դրանց չկատարված մասը   կվերաբաշխվի՝ ըստ  բյուջեի հավելվածում նշված առաջնահերթությունների վրա։

«Սա առաջին անգամ է, կհամոզվեք, թե  ինչ  ենք ծախսել առաջին եռամսյակում, իսկ մնացած   միջոցները կծախսենք մյուս   ծրագրերի վրա»։

Հայաստանը  նաև  1 մլրդ 300 մլն դոլարի տարբեր վարկային ծրագրեր ունի։ Այժմ դրանք վերանայվում են՝   ըստ անհրաժեշտության վերաբաշխվում։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ որևէ ծրագիր կիսատ չի մնա, նաև արձանագրում՝  վերջին 1․5 տարում  Հայաստանը  բյուջետային կարգապահության նոր որակ ունի։ 

Սա հանրային ֆինանսների  արդյունավետ  կառավարման  կարևորագույն չափանիշ է։

Ցուցադրել ավելի
Back to top button