ԿարևորՀասարակություն

Աղբավայրի փոխարեն հանքավա՞յր

Երեւանի քաղաքապետարանը բացասական գնահատական է տվել Երևանում տուֆի և բազալտի հանքի շահագործմանը։ Մինչ այս հանրային լսումների առաջին փուլն էր տեղի ունեցել։ Քննարկմանը ներկա Աջափնյակ համայնքի բնակիչներն ու  որոշ բնապահպաններ իրենց մտահոգություններն էին հայտնել  հանքի շահագործման վերաբերյալ։ 

Երեւանի քաղաքապետարանի ավագանու իշխող  «Իմ քայլը» խմբակցությունը քննարկումներից հետո որոշեց եւ քաղաքապետարանն էլ համաձայնեց` Աջափնյակում  տուֆի եւ բազալտի հանքի շահագործմանը բացասական գնահատական տալ։ «Իմ քայլից» Գայանե Մելքոմ Մելքոմյանը  «Ռադիոլուրին» պատմեց, թե ինչպես էր ընթացել քննարկումը.

«Մեր գնահատմամբ, մեր կարծիքով համայնքը չպետք է տա դրական եզրակացություն՝ հաշվի առնելով  բնապահպանական,  առողջապահական  և նաև քաղաքաշինական խնդիրները։ Եվ խմբակցության դիրքորոշումը նույնպես բացասական էր, ինչի մասին մենք հայտնեցինք  քաղաքապետին։ Քաղաքապետն էլ որոշում է կայացրել, որ համայնքը որոշում չի տալու»,– Մելքոմ Մելքոմյանը։

 «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն ցանկանում է շահագործել  Աջափնյակի  վարչական շրջանի տարածքում գտնվող  Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը։ Մի քանի օր առաջ տեղի էին ունեցել հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ:  Քննարկման ընթացքում  հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչ  Շահեն Խաչատրյանն ասել էր, որ դեռ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չեն արել, նախնական հայտ դեռ չունեն։ Միայն ներկայացրել էր հանքի շահագործման իրենց պայմանները։

Հանքավայրը  զբաղեցնում է  320 հեկտար  մակերես տարածք, պաշարները  11 մլն խորանարդ մետր են, բայց ընկերությունը ցանկանում է շահագործել  8.8  հեկտարի վրա գտնվող  օգտակար հանածոյի պաշարները, որոնք մոտ  2 մլն խորանարդ մետր են։ 

«Հանքավայրը շահագործվելու է  բաց եղանակով, տուֆերն առանձին, բազալտներն առանձին։ Բլոկներն օգտագործվելու են  երեսպատման սալիկների հումք,  իսկ բլոկներից առաջացող թափոնները օգտագործվելու են որպես մանրախիճ, ասֆալտի կամ բետոնի տակը լցնելու նպատակով»,– ասաց Շահեն Խաչատրյանը։

Ըստ ընկերության ներկայացուցչի՝  պայթեցման աշխատանքներ չեն կատարվելու, քանի որ դրա դեպքում հանքը որակազրկվելու է։  Անգարներում աշխատելու են սղոցներ։ Հանրային քննարկումներին  ներկա գտնվողները  դժգոհել էին, որ  հանքավայրի շահագործման վերաբերյալ  որևէ  մասնագիտական փաստաթղթի ծանոթ չեն, դրա մասին տեղեկատվություն որևէ  տեղ չկա։ 

« Այս պահին ասում եք քննարկենք, ի՞նչ քննարկեն, եթե որևէ փաստաթուղթ չունենք։

Երկրորդ փուլի ընթացքում, երբ ընկերությունը ստանա տեխնիկական առաջադրանք,  կմշակի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատում։  Առաջին քննարկման նպատակն է հանրությանը տեղեկացնելը»,–ասաց  Շահեն Խաչատրյանը։

Հանքավայրի շահագործման տարածքը գտնվում է Երրորդ և Չորրորդ գյուղերի մեջտեղում` բնակելի տներից  350 մետր հեռավորության վրա։ 

«Սենթրալ Իսթեյթ»- ից այսօր չկարողացանք ստանալ պարզաբանումներ, թե ինչ է պատրաստվում անել ընկերությունը` համայնքի բացասական եզրակացությունից հետո։

Ներկա պահին հանքավայրի տարածքն աղբանոց է, սակայն համայնքի բնակիչները դեմ են  աղբավայրի խնդիրը հանքավայրով լուծելուն։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button