ԿարևորՀասարակություն

Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը

Արցախի Շահումյանի շրջանում  շարունակվում  են փոքր ՀԷԿ-երի  շինարարության դեմ բողոքի ակցիաները:  Շինարարությունների կասեցման պահանջով Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը: Երեկ Քարվաճառ է այցելել Արցախի նախագահը:

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլի մեջ  է արդեն  10 օր: Նրա սկսած պայքարին միացել են դպրոցականները: Երեկ դասադուլավոր բարձր դասարանցիների հետ բարձրաստիճան պաշտոնյաներն են հանդիպել՝ հորդորելով  դադարեցնել դասադուլը և սպասել պատկան մարմինների որոշումներին:

Քարվաճառում էր նաև նախագահ Բակո Սահակյանը: Տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խնդրո առարկային: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Բակո Սահակյանը մեկ անգամ ևս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը երկրի ջրային անվտանգության ապահովման հարցում եւ ընդգծել, որ նախագծերի իրականացման ընթացքում անվերապահորեն պետք է պահպանվեն բնապահպանական նորմերը:

Եղել են նաև  հանձնարարականներ՝ շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Այսօր աշակերտները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը: Նրանց հետ հանդիպել է  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հետաքրքիրն այն է, որ Արցախի կառավարությունը փոքր ՀԷԿ-երի  հետ կապված խնդիրների մասին ահազանգել էր դեռ 2019-ի հոկտեմբերին: Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հրապարակել էր իր դիտարկումների մտահոգիչ արդյունքները:

ՀէԿ-ատերերն ու նախարարությունը հակընդդեմ դատական հայցեր են ներկայացրել: Բնապահպանական խնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրումը  անհեթեթ իրավիճակների է հանգեցրել.  պարզվում է Արցախում  ջրաչափական դիտակետեր չկան և  փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունների համար հիմք են 1984 թվականի դիտարկումները:

Քարվաճառից սկսված բողոքի հետքերով Արցախի կառավարությունում որոշել են մասնագիտական հանձնաժողով ստեղծել: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից:

Հանձնաժողով պիտի ստեղծվի՝ պնդում է Ստեփանակերտում հացադուլին միացած Մհեր Պողոսյանը:

Պահանջվում է նաև հրապարակել ՀԷԿ–երի շինարարությամբ զբաղվողների անունները, նաև Արցախի ներդրումային հիմնադրամից այդ նպատակով տրամադրված միջոցների հաշվետվությունը:

Պետական նախարարի աշխատակազմից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հանձնաժողովի կազմավորման աշխատանքն ընթացքում է:

Ցուցադրել ավելի
Back to top button