ԿարևորՔաղաքական

Ադրբեջանին հիշեցրել են քաղբանտարկյալների մասին

ԵԽԽՎ-ն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը։ Փաստաթղթի քննարկումը, սակայն,  ընթացել է թեժ մթնոլորտում։

ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Բորիս Սիլեւիչը ադրբեջանական պատվիրակությանը ստիպված է եղել հիշեցնել, որ  դառնալով ԵԽ անդամ՝ երկիրը ստանձնել է պարտավորություններ։

Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող զեկույցի քննարկումը ԵԽԽՎ-ում անցավ  թեժ մթնոլորտում․  ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովը անգամ մեղադրեց զեկուցող  Թորիլդ Սուննա Էվարսդոտիրին՝ Ադրբեջանի ներքաղաքական հարցերին միջամտելու մեջ։ Սա,  ըստ եվրոպացի պատվիրակների,  ցույց է տալիս, որ Ադրբեջանը  շատ անելիք ունի երկրում ժողովրդավարություն հաստատելու առումով։

Զեկույցը ներկայացվում էր Ադրբեջանում փետրվարի 9–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ։ Եվրոպացի պատվիրակները պարբերաբար  շեշտադրում էին, որ ընդդիմությունը զրկված է ընտրություններին թեկնածություն առաջադրելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով երկրում  լրջագույն խնդիրներ կան։ Մի շարք թեկնածուներ զրկվել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝  չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։

Զեկուցող Էվարսդոտիրը հիշեցրեց, որ ընդամենը 11 օր առաջ  Բաքվում տեղի ունեցած չարտոնված ցույցի ժամանակ իշխանությունները ֆիզիկական ուժ են կիրառել, ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ:

Նրա խոսքով՝  Ադրբեջանում բանտարկվում են բոլոր նրանք, ովքեր հանդգնում են իշխանությունների հասցեին քննադատական խոսք ասել։

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն իրողությանը, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ  անդամակցությունից ի վեր Վեհաժողովում ամենաքննարկվող թեմաներից է։

Թեմային անդրադարձան  նաեւ հայկական պատվիրակության մյուս անդամները՝ Էդմոն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը , Տաթեւ Հայրապետյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ հեռախոսազրույց ունեցա քննարկումից անմիջապես հետո․

«Հանձնաժողովի նիստի ժամանակ ադրբեջանցի պատվիրակները կողմ էին արտահայտվել,  բայց լիագումար նիստում լրիվ այլ վարքագիծ դրսեւորեցին» ։

Զեկուցող Էվարսդոտտիրը մատնացույց էր անում  Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի թերի կատարումը Ադրբեջանում։ Իլգար Մամեդովի հարցում եղել է ԵԴ հստակ դիրքորոշումը, որ վերջինը  կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն  նրան այդ հնարավորությունը փաստացի չի  չտրվել։

Ադրբեջանական պատվիրակության արձագանքը զեկուցողին, զեկույցին  ու դրա աջակիցներին ագրեսիվ էր։  Ադրբեջանցի պատվիրակ Սահիբա Գաֆարովան անգամ զարմանքով հարցրեց․ «Ի՞նչ է, իրավապահները իրավունք չունեի՞ն ցրել անօրինական հանրահավաքն ու իրենց գործը կատարել։  Ադրբեջանը պատրաստ է համագործակցել միջազգային կառույցների հետ ,բայց չի կարող ընդունել նման մեղադրանքները»։

Ավստրիացի պատվիրակ  Ստեֆան Շենախն էլ ի պատասխան նշեց, որ Ադրբեջանի գրեթե բոլոր բանտերում քաղբանտարկյալներ կան։ Նա կոչ արեց  գործընկերներին ի վերջո ընդունել զեկույցը։

ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Բորիս Սիլեւիչի արձագանքը ևս բավականին հստակ էր․

«Վրդովված եմ, որ Ադրբեջանի հասցեին արված ցանկացած քննադատություն մերժում եք։  Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ որեւէ դավադրություն Ադրբեջանի նկատմամբ չկա։ Մենք ձեզ լուրջ ենք վերաբերվում։ Դուք որոշակի պարտավորություններ եք ստանձնել՝ դառնալով Եվրախորհրդի անդամ»։

Ցուցադրել ավելի
Back to top button