ԿարևորՀասարակություն

6 միլիոն ծառ` Հայաստանում

Հայաստանում վերջին քառորդ դարի ընթացքում գործող Armenia Tree Project՝ Հայաստան Ծառատունկ Ծրագրի համար 2019-ը կարեւորագույն հանգրվան էր, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ծրագրի գործադիր տնօրեն Ջեանմարի Պապելյանը.

«Սկսելով մեր աշխատանքները 1994-ին, մենք ընդհանուր առմամբ 6 միլիոն ծառ տնկեցինք Հայաստանում եւ Արցախում: Մեզ հաջողվեց նոր աշխատատեղեր ստեղծել, նոր կյանք հաղորդել Հայաստանի բազմաթիվ համայնքներին»:

Հայաստան — ծառատունկ ծրագրի հիմնադիրն է Բոստոնում բնակվող հայազգի հայտնի բարերար Քարոլին Մուգարը, ով 1992-ին Հայաստան ժամանելով, ականատեսն եղավ, թե ինչպես էին տներում տաքություն ապահովելու համար շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բնակիչները ստիպված ծառեր հատում: Մարդկանց անհրաժեշտ էր հույս տալ, հույս՝ դեպի ապագա:

Այսօր Հայաստան Ծառատունկ Ծրագիրն իր ոլորտում գործող առավել հայտնի բարեգործական կազմակերպությունն է, որն աշխատատեղերով է ապահովում Հայաստանի տասնյակ քաղաքացիների եւ օգնում տարածել շրջակա միջավայրի մասին գիտելիքները հայ մանուկների շրջանում: Կազմակերպությունը նախատեսում է նաեւ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի կառավարության հավակնոտ ծրագրում:

«Քանի որ հաջորդ 30 տարիների ընթացքում Հայաստանը նախատեսում է կրկնապատկել իր անտառածածկ մակերեսը, Հայաստան — ծառատունկ ծրագիրը նախատեսում է ավելացնել տնկիների արտադրությունը, որպեսզի կարողանանք նպաստել այդ ծրագրին՝ տրամադրելով ծառատեսակների բազմազանություն: Այսօր Հայաստանում մենք ունենք 4 տնկարաններ, որտեղ աճեցնում ենք 50 տեսակից ավելի տնկիներ»:

Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում միայն 2020-ին անհրաժեշտ կլինի շուրջ 10 միլիոն ծառ տնկել, հիշեցնում է Armenia Tree Project կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով, չնայած դժվարություններին, սա մարտահրավեր է, որը Հայաստանն ի վիճակի է իրականացնել.

«10 միլիոն ծառ տնկելն այնքան հեշտ չէ: Բավականին ծանր աշխատանք է սպասվում եւ պետք է կարողանալ ներգրավել ամբողջ բնակչությանը, տարածքների ճիշտ ընտրություն պետք է կատարվի, որպեսզի ճիշտ տնկիները ճիշտ տեղում տնկվեն եւ հետագա խնամքի հարցեր առաջանալիս մենք կորուստներ չունենանք. Ծառ տնկելն ամենահեշտ բանն է, հետագա խնամքն է ամենադժվարը»:

Հայաստան Ծառատունկ Ծրագիրը պատրաստ է իր փորձառության եւ ուժերի ամբողջ ծավալով օգնել կառավարությանն իրականացնել նախաձեռնությունը, նշում է Հարությունյանն, ընդգծելով՝ հատկապես, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած նոր կառավարության հետ աշխատանքն է՛լ ավելի դյուրին ու արագ է ընթանում:

Back to top button