ԿարևորՀասարակություն

Վարա՞կ, թե՞ թունավորում․ ինչից են անկել Աքորիի խոզերը

Լոռու մարզի  Աքորի գյուղում խոզերի անկման դեպք է գրանցվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այդ մասին տեղեկացել է  լրատվամիջոցներից։ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը «Ռադիոլուրին» ասել է, որ անկած կենդանիներից  նմուշառում են վերցրել և ուղարկել փորձաքննության, պատճառները կիմանան առաջիկա օրերին։

Աքորիի վարչական շրջանի ղեկավար Հրահատ Սիմոնյանն էլ «Ռադիոլուրին» փոխանցել է  գյուղացիները կասկածները։ Նրանք  կարծում են, որ կենդանիները անկել են  թունավորման պատճառով։  Ի դեպ, տեսչական մարմնից  վստահեցնում են, որ  Հայաստանի  մյուս մարզերում խոզերի անկման դեպքեր չեն գրանցվել։

Վարա՞կ, թե՞ թունավորում․ ինչից են անկել Աքորիի  23  գլուխ խոզերը։ Պատճառը կպարզի լաբորատոր փորձաքննությունը։ Մինչ այդ վարչական շրջանի ղեկավարը փոխանցում է ՝  գյուղացիների ու  մասնագետների վարկածներն իրար չեն համապատասխանում

 «Ըստ անասնաբույժի՝ թունավորում է, ըստ անասնապահների՝  ինչ-որ վարակ է։ Մինչև չգա պատասխանը, չենք կարող ասել»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեպքի մասին տեղեկացել է  լրատվամիջոցներից․ «Ռադիոլուրին» ասաց ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը։  Կենդանիները խոզերի  դասական ժանտախտի դեմ պատվաստումներ ստացել են, սակայն, պահման պայմանները  բավարար չեն եղել։

«ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետի գլխավորությամբ տեսուչները այցելել են համայնք։  22 գլուխ խոզամայր գոճի ու խոզամայր է եղել անկած՝ հունվարի 28–ին։ Սակայն, պահման պայմանները, սանիտարական վիճակը ոչ բավարար է եղել։ Մի քանի կենդանատեսակներ միասին են պահվել, տեսուչները նմուշառում են արել ու ուղարկել փորձաքննության»։

Հետագա քայլերը կորոշակիացվեն լաբորատոր փորձաքննության արդյունքներից հետո միայն։ Թե երբ դրանք հայտնի կլինեն, դեռ հստակ չէ։  Անկած կենդանիները,   ըստ Մելիքյանի, թաղվել  են, տարածքը ախտահարվել է։

 «Հավանական պատճառներից մեկը հնարավոր թունավորումն է, կերի փոփոխությունը, բաց պահելը։ Սակայն վերջնական ախտորոշումը կասենք միայն լաբորատոր փորձաքննությունից հետո»։

Աքորիի վարչական շրջանի ղեկավար Հրահատ Սիմոնյանի խոսքով՝  համայնքում անասնապահությամբ քչերն են զբաղվում։ Թե ինչու, համայնքի ղեկավարն այսպես է  բացատրում։

«Արոտավայր, վարելահող գրեթե չունենք։ Եղածներն էլ Լալվարի փեշերին են ,  դժվար է բարձրանալը։  Ալավերդու գործարանն էլ էր խանգարում, որ գյուղատնտեսությամբ զբաղվեինք»։

Խոշորացված այս համայնքի բնակիչները  հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի։ Վարչական շրջանի ղեկավարը դժվարանում է գնահատել, թե  խոշորացումը կոնկրետ Աքորիի համար ինչ ազդեցություն է ունեցել։  

Back to top button