ԿարևորՀասարակություն

Հայաստանում գտնվող երկու չինացիների մոտ վարակը չի հաստատվել

Հայաստանում և տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան, սակայն  կասկածելի ցանկացած դեպքի համար Հայաստանը  նմուշներ կուղարկի Ռուսաստանի եւ եվրոպական երկրների լաբորատորիաներ: Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում վարակման դեպքեր չեն գրանցվել, սակայն երեկ Վրաստանի հետ սահմանը հատած երկու  չինացիներ ունեցել են ջերմություն:

Երեկ Հայաստանից Վրաստան  մեկնող ավտոբուսի ուղևորներին  չեն թողել հատել  Բագրատաշենի անցակետը։ Ավտոբուսում եղել են երկու չինացիներ, որոնցից մեկն ունեցել է ջերմություն։ Նրանց հետ  նույն մեքենայում գտնված անձանց  մուտքը Վրաստան ևս  արգելվել է։ Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման  ազգային կենտրոնի  հատուկ վտանգավոր  և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հաստատեց տեղեկությունը և ասաց, որ  բոլոր ուղևորների ջերմությունը երեք անգամ չափել են։ Մասնագետը նաև նշեց, որ  չինացիները երկար ժամանակ եղել են Վրաստանում մինչեւ Հայաստան գալը։ Այսինքն` ինկուբացիոն շրջանում նրանք Չինաստանում չեն եղել։

« Նախ ասեմ, որ մեկը ջերմություն չունի, գտնվում է բժիշկների հսկողության տակ։  Մյուսի մոտ եղել է ընդամենը  37 աստիճան ջերմություն, հիմա անցնում է թոքերի ռենտգեն հետազոտություն, քանի որ այս հիվանդությունն առաջինը ախտահարում է թոքերը։ Երկուսի զգացողությունը բավարար է։ Նրանք դեռևս կմնան հսկողության ներքո։ Դեռևս  կմնան  առանձին մեկուսացված բոքս մեկուսարաններում» ։ 

Նրանք վարակված են կորոնավիրուսով, թե` ոչ, առողջապահության նախարարությունը չի կարող ասել, քանի որ դեռևս չունեն այս վիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Մի շարք երկրների համար դրանք  դեռևս անհասանելի են, ասում է  ԱՆ մասնագետն ու  հավելում, որ առողջապահության  և արտաքին գործերի նախարարությունները ԱՀԿ–ի հետ  համագործակցության արդյունքում մոտ 10 օրվա ընթացքում Հայաստանը կապահովեն  լաբորատոր  թեստերով։

«Աշխատանքները նաև տարվել  են Ռոսպադրեբնադզոր ծառայության հետ, և նրանց կողմից էլ  աշխատանքների արդյունքում կարճ ժամանակահատվածում  ՀՀ–ն կապահովվի նոր կորոնավիրուսի  լաբորատոր թեստերով»։  

Հայաստանում երկու չինացիների մոտ հնարավոր կլինի ախտորոշել միայն  մերձավորարեւելյան շնչառական  համախտանիշն ու  « Ա» տիպիկ թոքաբորբը։ Այս վարակի դեպքում առաջին հերթին ախտահարվում է թոքը։  Քանի որ գրիպի սեզոն է,  Լիանա Թորոսյանը  չի բացառում նաև, որ նրանք կարող են ունենալ ուղղակի  սուր շնչառական վարակ։  Կլինիկական որոշ ցուցանիշեր լինելու դեպքում ԱՀԿ հետ համագործակցության շրջանակներում  նմուշները  կուղարկվեն  Մեծ Բրիտանիայի,  Գերմանիայի, Նիդերլանդների և  Ռուսաստանի  լաբորատորիաներ։  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն  երկու անգամ  նիստ է հրավիրել և հայտարարել, որ  հանրային առողջապահական ոլորտում այժմ միջազգային  նշանակության  արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն  չկա։   ԱՀԿ- ն նաև  կորոնովիրուսի բուժման համար  որևէ առանձնահատուկ  բուժում չի առաջարկել։ Ներկայումս Հայաստանի առողջապահության նախարարությունը  մշակում է կլինիկական  ուղեցույցներ, թե ինչպես պետք է իրականացվի այդ բուժումը։ ԱՀԿ- ն գնահատել  է Հայաստանում բժշկասանիտարական  կանոնների ներդրումն ու  բավականին  բարձր է գնահատել պատրաստվածությունը`ասաց  առողջապահության նախարարի խորհրդական  Լենա Նանուշյանը։ 

«Մենք հուսով ենք, որ  բոլոր շահագիգիռ նախարարությունների հետ համատեղ կկարողանանք  ապահովել և  դիմակայել  վիրուսի տարածումը մեր երկրում»։

Մամուլում շրջանառվում էր նաև, որ  Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի մեկ դեպք։ Վրաստանից լուրը հերքել են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու չինացի Հայաստանում գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Back to top button