ԿարևորՄշակույթ

«Հովեր» երգչախմբի համերգները Պալերմոյում ընդունվել են բացառիկ ջերմությամբ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաև Հայաստանի լավագույն բաս երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:

Երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողորդին: Համերգներն ընդունվել են բացառիկ ջերմությամբ և հոտնկայս ծափահարություններով. հայ արտիստները հիացրել են տեղի ունկնդրին իրենց վարպետությամբ:

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Ցուցադրել ավելի
Back to top button