ԿարևորՀասարակություն

Հեռարձակողները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի խոշորացույցի տակ

Մամլիչի ու դահիճի դեր չենք կատարում, պարզապես ամբողջությամբ իրացնում ենք մեր պարտականությունները․ հեռարձակվող լրատվամիջոցների հանդեպ քաղաքականության խստացումն այսպես է բացատրել  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ հանձնաժողովի ավելի խիստ մոտեցումը զգաստացրել է շատերին։ Իրավական կարգավորումների առումով, սակայն, ոլորտում շատ  անելիք կա։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2019-ին վարչական տույժ՝ տուգանք է կիրառել թվով 12 ընկերության նկատմամբ, ընդհանուր՝ վեց  միլիոն երկու հարյուր հազար  դրամ։ Տուգանքները կիրառվել են հեղինակային իրավունքի, «Գովազդի մասին օրենքի» դրույթների, նախընտրական քարոզարշավի  լուսաբանման կարգի խախտման,  ինչպես նաև կրոնական խտրականության դրսևորման, սարսափ առաջացնող բռնության տեսարաններ ցուցադրելու պատճառով։

Համեմատության համար հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը  մատնանշում է 2011-2018 թվականների ցուցանիշը․ այդ ժամանակահատվածում  վարչական տույժ՝ տուգանք է կիրառվել տասը հեռուստաընկերության նկատմամբ,  ընդհանուր՝ հինգ միլիոն ութ հարյուր հազար դրամ։

 «Շատ հրապարակումներ են հանդիպում, որ մենք սկսել ենք ավելի կոշտ պատժել, և որոշ չափով մամլիչի կամ դահիճի դեր ենք կատարում։ Դա այդպես չէ, մենք պարզապես ամբողջությամբ կատարում ենք մեր պարտականությունները»։

Հանձնաժողովի աշխատանքային խմբերն այցելել են մարզերում գործող բոլոր կաբելային օպերատորներին, հյուրանոցային տասնյակ համալիրների պարտադրվել  է, որ կաբելային ցանցով հեռարձակեն միայն այն հեռուստահաղորդումները, որոնց հեռարձակման թույլտվություններ ունեն։ «Թվում է՝ մանրուք է, բայց լուրջ խնդիր կա»,-նկատում է Հակոբյանը։

 «CNN-ի  ներկայացուցիչը գալիս էր Մարիոթ կամ մեկ այլ հյուրանոց, հեռուստացույցը միացնում ու տեսնում էր, որ  CNN է գնում, հետո ստուգում ու պարզում էր, որ այդ հյուրանոցը ցուցադրման իրավունք չունի։ Մենք փորձել ենք կարգավորել նաև այդ խնդիրը, այժմ տասնյակ  հյուրանոցներ ունեն կնքված պայմանագրեր»։

Հանձնաժողովի ավելի խիստ մոտեցումը շատերին զգաստացրել  է։ «Հեռարձակվող բոլոր լրատվամիջոցների համար փորձում ենք  ստեղծել  հավասար, մրցակցային պայմաններ։ Մեզ համար սիրելի են բոլորը, եթե աշխատում են իրավական դաշտում»,-ասում է հանձնաժողովի նախագահը։ Սակայն բոլոր խնդիրները չէ, որ իրավական առումով կարգավորված են։ Օրինակ ՝ ինչ ասել է ատելության խոսք, որի աճն այսօր նկատելի է հատկապես սոցիալական ցանցերում։ Ինչպիսի՞ն է այս առումով պատկերը հեռարձակվող լրատվամիջոցներում, հարցին, Հակոբյանն արձագանքում է․

«Ամենաբարդն այն է, որ մենք անգամ ատելության խոսքի հասկացությունը չունենք։ Ինչպես կարելի է կարգավորել մի բան, որն իրավական սահմանում չունի, և դա մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս։ Ատելության խոսքը դրսում իր հստակ սահմանումները ունի։ Համապատասխան մարմիններին կոչ եմ անում զբաղվել դրանով»։

Ըստ Հակոբյանի՝ կայացած երկրներում նման խնդիրներն օրենքով կարգավորված են, կան հստակ սահմանումներ՝ ինչ է անաչառությունը, պատասխան արձագանքը, երբ քեզ եթերում վիրավորել են, ինչ է հրատապ լուրը, բազմակողմանի լուսաբանումը և այլն։ Ի դեպ, վերջինի մասով․ լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսօր  հաճախ են դժգոհում, որ օբյեկտիվ լրատվություն ներկայացնելու  առումով   խնդիր է այս  կամ այն կողմի ներկայությունն ապահովելը ։ Նման խնդիր կա՝ չի ժխտում նաև հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։

«Եթե հրավիրվածի աթոռը մեկ-երկու անգամ դատարկ թողնեն, և հնչի միայն մեկ տեսակետ, հավատացնում եմ, որ ցանկացած իշխանական կամ այլ ուժ  որոշ ժամանակ անց կհասկանա, որ դա խփում է իր հեղինակությանը, և կապահովեն իրենց ներկայությունը»։

Ըստ Հակոբյանի՝ նման հնարքները բազմաթիվ են, բայց խնդիրը նաև այլ տեղում է․ լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ իրենք բավարար ջանք չեն գործադրում ապահովելու բազմակարծությունը։ Իսկ հանձնաժողովը չի կարող կարգավորել մի բան, որի մասին խոսում  են միայն շշուկով  կամ պարտադրանքի լեզվով։ Հակոբյանի բնորոշմամբ՝ բյուրոկրատական ապարատը նույնն է բոլոր երկրներում․ ուզում է հանգիստ ապրել, չպատասխանել կնճռոտ հարցերին։ «Ժողովրդավարության կատաղած շներ» անունն ստացած  լրատվամիջոցներն էլ պիտի անեն ամեն ինչ  անհրաժեշտ պատասխանը ստանալու համար։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը խնդիրը համատեղ լուծելու կոչ է անում  հեռարձակվող բոլոր լրատվամիջոցներին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close