Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր լիազորություններից մեկը դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելն է։ Հանձնաժողովն արդեն մշակել է չափորոշիչները և որոշել գնահատումը սկսել Բարձրագույն դատական խորհրդի անդամներից։
«Հնարավոր ուսումնասիրության առաջին խումբը ԲԴԽ–ն է, ինչը ենթադրում է, որ ԲԴԽ անդամների գույքի և եկամուտների հայտարարագրումը ստուգվելու է նոր ձևաչափով»,–«Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Սա այն կառույցն է, որը պատասխանատու է դատական իշխանության համար, և տրամաբանական է, որ պետք է անցնի այդ ստուգումը, որ կարողանա ստուգել մյուսներին»,–ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գույքի և եկամուտների ուսումնասիրությունը համադրվելու է բարեվարքության վերաբերյալ տեղեկությունների հետ՝ մասնագիտական գործունեություն, հանրային կապեր։ Արդյունքում կազմվելու է եզրակացություն, ըստ որի որոշվելու է՝ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուն իրավական արգելքներ ունի՞, թե՞ ոչ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայտարարագրման համակարգի սպասվող փոփոխություններին, Երևանի քաղաքապետի նկատմամբ հարուցված վարույթին։