ԿարևորՄիջազգային

Թրամփի «Դարի գործարքը» գործարք չի դառնում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո  հրապարակեց մերձավորարևելյան կարգավորման Վաշինգտոնի ծրագիրը, որն արդեն միջազգային մամուլն անվանել է «դարի գործարք»։

Միացյալ Նահանգների 45–րդ նախագահի պաղեստինա–իսրայելական խաղաղ կարգավորման տեսլականը, թերևս, միայն Իսրայելում է մեծ ոգևորությամբ ընդունվել։

Իսրայելը ողջունել է Թրամփի պլանն ու պատրաստակամություն հայնել լծվել դրա իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, չնայած առաջին հայացքից Պաղեստինի համար շահեկան թվացող որոշ դրույթներին՝  այն խիստ իսրայելամետ է որակվում։

 Ի՞նչ է այն ենթադրում Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքը»:

Գործարքի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը։ Պաղեստինի տարածքը, որը կազմված է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի Արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել տրանսպորտային արագընթաց հաղորդակցությամբ, այդպիսով, ըստ Թրամփի, արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (ըստ Նեթանյահուի՝ խոսքը Երուսաղեմի Աբու Դիս արվարձանի մասին է) եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը։ Որպես խաղաղ գործընթացի պայման ԱՄՆ նախագահը նշել է Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից։ Ընդ որում՝ Վաշինգտոնը պնդում է չորս տարով «սառեցնել» հրեական բնակավայրերի շինարարության ծրագրերը պաղեստինյան տարածքում։ Որպես կարգավորման պայման ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ: 

Ինչպե՞ս է արձագանքել Պաղեստինը

Նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ուզում է հայտնել Թրամփին ու Նեթանյահուին՝ ինքը Երուսաղեմի հարցով առևտրի գնալ չի պատրաստվում։ «Այդ գործարքը երբեք հավանության չի արժանանա մեր կողմից», ասել է նա։ Աբբասը շեշտել է, որ «Երուսաղեմը չի վաճառվում», իսկ Թրամփի և Նեթանյահուի գործարքը պետք է գնա «ուղիղ պատմության աղբամանը»: Պաղեստինի ղեկավարը ասել է, , որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, բայց ոչ ԱՄՆ-ի հետ և ոչ Թրամփի ծրագրի հիման վրա, այլ ողջ Մերձավոր Արևելքի քառյակի հետ:

Ւնչպես է արձագանքել միջազգային հանրությունը։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ը քննադատել է մերձարեւելյան կարգավորման հարցով Թրամփի ծրագիրը՝ նշելով, որ Վաշինգտոնի առաջարկները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն նպաստում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը: Կազմակերպությունը միջազգային հասարակությանը կոչ է արել մերժել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը։ «ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է: Այն անեքսիայի պլան է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը և երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ «Երուսաղեմը կարմիր գիծ է Անկարայի համար»:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նամակ է ուղարկել իսլամական երկրների խորհրդարանների խոսնակներին, որում կոչ է արել դիմադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված «դարի գործարքին» ։«Ես կուզեի ծայրահեղ տարակուսանք եւ դատապարտում արտահայտել՝ կապված, այսպես կոչված, «դարի գործարք» համարվող խաղաղ պլանի հրապարակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի հետ․․․։ Տվյալ պլանը հակասում է պաղեստինյան հարցի կարգավորման բոլոր միջազգային բանաձեւերին, համաձայնագրերին եւ ՄԱԿ կանոնադրության դրույթներին, ԱՊԼ-ին եւ Իսլամական համագործակցության կազմակեպությանը»,- գրել է Լարիջանին։

Կրեմլը շարունակում է վերլուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վաղը հանդիպում կանցկացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, եւ այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկություն կստանանք»,- ասել է նա:

Կնպաստի արդյո՞ք Թրանփի ծրագիրը պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորմանը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը Թրամփի ծրագիրը անվանում է ուժի ծրագիր՝  հանրայնացման ձևաչափից սկսած սայն անվանելով խոցելի․ հակամարտող կողմերից մեկը հրավիրված չէր Վաշինգտոն, ինչն արդեն կողմնապահություն է ենթադրում։

 «Խաղաղության վաշինգտոնյան պլանը էական փոփոխություններ՝ բացի անկայունությունից չի բերելու։ Անկայունության նոր ալիք կլինի, կակտիվանան տարածաշրջանում հակամարտող կողմերը։ Իրանը կփորձի լուրջ գործնական  քայլեր կատարել  Լիբանանում, Սիրիայում, պաղեստինյան ուղղությամբ։ Թուրքիան որոշ քայլեր կձեռնարկի ՝ դիվիդենտներ ստանալու այս իրավիճակից»,-նշում է Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ Սպիտակ տան գործող ղեկավարի պլանը վաղուց է իրագործվում․ Թրամփը Երուսաղեմը ավելի վաղ էր  հռչակել Իսրայելի մայրաքաղաք, և ակնհայտ է, որ Պեղեստին պետության հռչակումը, որ ծրագրով նախատեսված է, մշուշոտ է և չի իրագործվելու։ Փորձագետը չի պատկերացնում Պասեստին պետությունը ճանաչող որևէ փաստաթուղթ, որի տակ Իսրայելը կստորագրի։  Փորձը ցույց է տալիս, որ արևմտյան երկների նմանատիպ  ծրագրերը տապալվում են։

Ի՞նչ բանաձևի կարող է համաձայնել Պաղետսինը

«Երուսաղեմի խնդիրը շատ խորքային է, շահերը՝ հակասական Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն Պաղետսինը չի համաձայնի  ինչ-ինչ տարածքների կամ  ֆինանսական հարցերից  ելնելով »,- նշում է Կարեն Վերանյանը՝ ևս մեկ անլուծելի հարց համարելով Պաղեստինի պետականության խնդիրը։ «Պաղեստինը ցանկանում է, որ պետականության, ինքնիշխանության խնդիրը լինի լիարժեք, ինչը գրեթե բացառված է այս կամ այն ծրագրով»,- հավելում է փորձագետը։

Երկխոսության միակ տարբերակը, նրա խոսքով Պաղեստինի պետականության հիմնումն է և Երուսաղեմի բաշխումը տարածքների՝ հաշվի առնելով իսրայելական և պաղեստինյան կողմերի շահերը։ Սա արդեն անընդունելի է Իսրայելի համար։ «Մենք բախվում ենք շահերի հակասության,և  ուժերի առկա դասավորության պայմաններում գրեթե անհնար է համաձայնության ձեռքբերում։  Իսրայելը այս իրավիճակում միանշանակ հաղթող է դուրս գալիս»,- եզրափակում է Կարեն Վերանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button