ԿարևորՔաղաքական

Բանակն իր առաջ դրված խնդիրը կատարել է. Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը այսօր գումարեց  2020-ին գումարած առաջին նիստը։ Հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ մամուլի, նրա համար նախապատրաստվել է նվազագույնը 30 հարց։

Մինչ այս՝ հանձնաժողովը լսել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետին, առաջնագծում պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների, բուժաշխատողի եւ այլոց։  Շուրջ 3,5 կես ժամ տևած  համատեղ քննարկումից հետո  Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ որոշակի տեղեկություններ է փոխանցել    կապված ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների հետ։ Իսկ այդ  տեղեկությունները հետագայում հիմք կհանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար»:

Նախկին նախարարը նաև տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը հետագայում պետք է փոխանցվի ՊՆ-ին, և հանձնաժողովի փորձագետների ու նախագահի հետ միասին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պիտի տանեն:

Օհանյանը վստահեցնում է, որ   2016 թվականից մինչև այսօր ՊՆ-ն բավականին աշխատանքներ տարել է և իր  եզրահանգումները՝ կապված քառօրյա պատերազմի հետ, չեն փոխվել. բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է։

«Դեռ ավելին, մեր բանակի հրամանատարական կազմի, սպաների, ենթակաների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ-ի պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի բանակի հրամանատարության հետ համագործակցության արդյունքում կարողացել են մարտական գործողությունները կանգնեցնել»,- նշեց Օհանյանը։

Օհանյանը նշեց, որ բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել են և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացրել՝ տույժեր, պաշտոններից ազատումներ։ Սակայն   Օհանյանը շեշտեց, որ զինված ուժերի հրամանատարական կազմն իր անելիքներն իմացել է  իր պարտականություններն իրականացրել է.

«Նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չի եղել։ Ուզում եմ հավաստիացնել, որ ավելի ցածր օղակներում բացթողումներ եղել են։ Դա էլ գալիս է պատերազմի բարդություններից։ Իսկ  հրամանատարական կազմը, ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, զինված ուժերի պատրաստության համար ուսումնանյութական բազան ապահովել են ոչ միայն մարտավարական, այլ նաև ուրիշ օղակներում գործողություններ վարելը։ Դա երևացել է զորամասերի հրամանատարական կազմի և զինվորների քաջագործություններով։ Դա մեկ օրում չի լինում։ Եթե 2016 թվականին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տասնյակ տարիների ընթացքում ուսուցման և դաստիարակության ավանդույթների հիման վրա է ձևավորվել»,- նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ քառօրյայի ընթացքում եղել են նաև բացթողումներ, սակայն ճակատագրական սխալներ չեն եղել։

«Չկա աշխատող մարդ, ով սխալներ թույլ չի տալիս։ Սխալ ունենալը և այն վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը, նման է ռազմի դաշտում զորքը անտեր թողնելուն»։

Հանձնաժողովականները մինչեւ ուսումնասիրության ժամկետի ավարտը պատրաստվում են լսել նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ ռազնական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ մոտ 40 այլ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց։

Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է նախորդ տարվա հունիսին։ Ուսումնասիրության համար հատկացվել էր վեց ամիս ժամկետ, սակայն ուսումնասիրության եւ աշխատանքներն ավարտին հասցնելու համար հանձնաժողովը ԱԺ-ից խնդրեց եւս 6 ամիս։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close