ԿարևորՔաղաքական

Ադրբեջանում կոռուպցիայի դեպքերով լրագրողական հետաքննությունը վտանգավոր է. ԵԽԽՎ- ում կքննարկվի Ադրբեջանի հարցով զեկույցը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում  հունվարի 30–ին կհրապարակվի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույցը։  Զեկուցողը Թորիլդ Սունա Էվարսդոտիրն է։

Նա աչքի է ընկնում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իր նախկին կոշտ զեկույցներով: Էվարսդոտիրը շեշտում է, որ  Ստրասբուրգի դատարանի՝ մի շարք անձանց նկատմամբ կարեւորագույն վճիռները չկատարելու պատճառով այդ մարդիկ չեն կարող մասնակցել երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ որպես թեկնածուներ: ԵԵԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում հիշեց քաղբանտարկյալների նկատմամբ արձանագրված դեպքերից մի քանիսի մասին․

«Իլգար Մամեդովի հետ կապված եղել է հստակ որոշում ԵԴ կողմից, որ Մամեդովը կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն  նրան այդ հնարավորությունը փաստորեն չտրվեց»։

Մինչ այդ` Տաթեւ Հայրապետյանը հիշեցրեց, որ նույն ԵԽԽՎ–ում Մեդիա ազատությունների մասին զեկույցի շրջանակներում քննադատությունների արժանացան Ադրբեջանի իշխանությունները։ Հայ պատգամավորն իր խոսքում նշել էր, որ  ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում։

Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում մամուլի քննադատություններին և որքան վտանգավոր է իշխանություններին հարցեր տալ եւ լրագրողական հետաքննություններ իրականացնել, որոնք առնչվում են երկրում կոռուպցիոն խնդիրներին։

Հայկական պատվիրակության անդամն իր խոսքում անդրադարձել է նաեւ Բաքվի ջարդերին։ Ադրբեջանական պատվիրակները իրականությունը ներկայացրած խոսքը ճնշելու նպատակով հետո հակադարձումներ էին արել, մասնավորապես փորձելով ԵԽԽՎ պատվիրակներին ցույց տալ, որ Տաթեւ Հայրապետյանը սուտ տեղեկություններ է ներկայացնում, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են․

«Մյուս պատվիարակների կողմից կա ընկալում, որ հայկական կողմը մարդու իրավունքների տեսանկյունից է ներկայացնում հարցը»։

Այսօր Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն  ու  Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու   ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Մինչ այդ ՀՀ ԱԳՆ առանձին հանդիպել էր միջնորդների հետ։ Ինչ սպասել հանդիպումից, պատգամավորն այս առումով մեջբերեց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքը․

«Հումանիտար ու մթնոլորտի աշխուժացման հարցեր կքննարկվեն»։ 

Ըստ նրա՝ այն ինչ առաջարկում է հայկական կողմը, ընդհանուր առմամբ, ընկալելի է միջազգային հանրության կողմից, քանի որ խնդիր բուն լուծման մասին խոսելուց առաջ նախ հարկ է, որ մթնոլորտն առողջանա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close