ԿարևորՀասարակություն

Պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին

Գյումրիի Կայազորում այսօր տոնել են Հայոց բանակի կազմավորման 28 ամյակը։ Իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներն ու զինվորները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի։

Այնուհետև Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորներն այցելել են «Շիրակ» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Արցախյան հերոսամարտի եւ ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին:

Փոխգնդապետ Մուշեղ Տիտանյանը տոնական հագուստն է հագնում ու հիշում,  16 –ը դեռ չէր լրացել երբ հայրը՝ Գյումրիում լեգենդ դարձած Միշա Տիտանյանը իրեն և եղբորը տարավ մարտի, ձախ գրպանում երկաթի կտոր դրեց հակառակորդի գնդակից որդու սիրտը պաշտպանելու համար, աջ գրպանում էլ նռնակ դրեց, եթե որդին գերի ընկնի․․․  Այսօր փոխգնդապետ Մուշեղը նորովի է գնահատում հոր դաստիարակությունը։

Մուշեղ Տիտանյան․ «Մարդու պարտքը պետության հանդեպ դա ծառայությունն է, մնացածը դու վարձատրվում ես»

1992-ի ձմեռը լավ են հիշում Գյումրիի կամավորական ջոկատների տղաները, երբ կյանքի ու մահվան եզրագծին մտածում էին հզոր բանակ ունենալու մասին, տոներն էլ ինչպես տղաներն են ասում ջիգյարով նշում։

Յուրա Ալեքսանյան ազատամարտիկ․ «Եղևնին մենք նոր տարուն զարդարել ենք ոչ թե խաղալիքներով, այլ ավտոմատներով, գրանատներով, սնարյադներով»։

Ամեն ինչի դիմանում էին, վստահ էին, հաղթելու էին… ու հաղթեցին: Պատերազմի թոհուբոհում կազմավորվեց ու թրծվեց Հայոց բանակը։ «Յուրաքանչյուր հայ զինվոր  առյուծ մարտիկ է, հայրենիքին նվիրված» հպարտանում են հրամանատարները։

Հայկական բանակը հզոր է, քանի որ հայ զինվորի մարտական ոգին բարձր է։

Հայոց Բանակի կազմավորման 28 ամյակի միջոցառումները Գյումրիում համեստ էին։ Տոնական միջոցառումը Գյումրիի Կայազորում էր։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան․«Սա փառք եւ հպարտություն է մեր ազգի համար, որ այսօր մենք կարողացանք այդ ծանր ժամանակահատվածում՝ պարտադրված պատերազմում հաղթանակ տանել և ունենալ մարտունակ բանակ»։

Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներն ու զինվորները:

Ամեն հայ զինվոր հոգեբանորեն իրեն ապահով է զգում, նա գիտի, որ իր թիկունքին կանգնած է պետությունը, որը պահպանվում է հենց իր և իր ընկերների ջանքերով։

Տոնդ շնորհավոր Հայոց բանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button