ԿարևորՀասարակություն

Հայոց բանակն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա. Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա մեր հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում,– այսօր  Հայոց բանակի 28–րդ  տարեդարձին նվիրված  շնորհավորական ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝  Հայաստանն  ու Հայոց բանակը փակել է 80–ականների զենքերի էջը։ «Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ կորստյան մատնենք, այլ` որ ապահով, զարգացած, ուժեղ,  ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին»,– ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետին ուղեկցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ:

Սելֆիներ, բաժակաճառ ու ելույթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի օրը Գեղարքունիքի մարզում էր։ Կառավարության ղեկավարը   հարգանքի տուրք  մատուցեց Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ Գեղամասար խոշորացված համայնքում Նիկոլ Փաշինյանը  շնորհավորեց Հայոց բանակի 28–րդ տարեդարձը․«Բոլորիս  շնորհավորում եմ, համոզված ենք, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ մեր բոլորիս ունեցած հպարտությունն ամեն տարվա, ամեն օրվա, ամեն շաբաթվա ու ամեն  ամսվա հետ ավելի աճելու է համատեղ աշխատանքով, մեր երեխաներին մեր փոխանցած արժեքներով»։

Քարվաճառում 32 զինծառայողի ընտանիքներ բնակարաններ ստացան։ Այս շենքը հիմնանորոգվել է ՊՆ միջոցներով։ Արդեն Վարդենսիում  Բանակի օրը նշում ենք այնպիսի պայմաններում, որի մասին անգամ առաջին բանակի  կազմակերպիչները չէին էլ կարող երազել` ասաց  պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանն արձանագրեց՝ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը վաստակել ենք հայոց բանակից։ ՀՀ ու Հայոց բանակը փակել են 80–ականների զենքերի էջը` հայտարարեց վարչապետը, վստահեցրեց ՝ «Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը այսօր կարող է ու ամեն օրվա հետ ավելի վստահ է լինելու այս հարցում,  որ  անհրաժեշտ միջոցները տրամադրի սեփական անվտանգությունը ապահովելու  համար»։

Ավելի քան 8 մլրդ դրամ է  հատկացվել զինթոշակառուների  նկատմամբ ունեցած բնակարանային պարտավորությունները կատարելու համար։ Ժամկետային զինծառայողների ծնողները օգտվում են առողջապահական ծառայությունների պետպատվեր  ստանալու իրավունքից։ 2019թ հունիսի մեկից  զինծառայողների աշխատավարձերը շոշափելիորեն բարձրացել են` հիշեցրեց կառավարության ղեկավարը:

21- րդ դարում Հայոց բանակն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, հայ ժողովուրդն ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա։ Ընդգծեց՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր բանակով ու զինվորով․  «Բայց ես ուզում եմ ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ու ամեն օր պետք է հպարտ լինի հայրենիքով, զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում։ Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվազճել;է ոչ թե նրա համար, որ ոկսրտյան մատնենք, այլ որ զարգացած , ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին»։

Փաշինյանն իր խոսքն ավարտեց  2016թ  մայիսին գրած  «Հայոց զորքը հարթավայրում»  բանաստեղծությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button