ԿարևորՀասարակություն

Հայաստանի ռազմաբժիշկները կմասնակցեն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին

Հայաստանի ռազմական բժշկությունը բարձր մակարդակի վրա է և պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր։ Այս ոլորտը տեղում չի դոփում, բժիշկներն  անընդհատ  մասնագիտանում են, իսկ  հնարավորությունները՝ ընդլայնվում։

Արցախյան պատերազմի ընթացքում  վիրավորում ստացած ազատամարտիկները  բավականին դժվար պայմաններում, բայց   ստացել են  անհրաժեշտ բժշկական օգնություն, այդ տարիները հիշելով ասում է Զինված ուժերի  ռազմաբժշկական վարչության պետ,  գնդապետ Սահակ Օհանյանը։ Վիրավոր ազատամարտիկների  բժշկական օգնությունը  շարունակական դարձնելու  համար  1992 թվականի նոյեմբերին ստեղծվել է ռազմական բժշկության վարչությունը։ Այդ տարիներից ի վեր բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են  փրկվել։ Թե արցախյան, թե՛ ապրիլյան պատերազմների ընթացքում արդյունքները տեսանելի են եղել։  

«Փառք Աստծո, և՛ քաղաքացիական, և՛ ապագայում զինվորական մեր բժիշկներն ունակ էին  բարձր մակարդակով համապատասխան գործառույթներն իրականացնելու շնորհիվ պատերազմի ժամանակ առավելագույնս կրճատել  մեր զինծառայողների  շրջանում մահացության դեպքերը, ցուցաբերում էին  խիզախություն և կատարում էին հարյուրավոր բարդ վիրահատություններ, ինչի արդյունքում պատերազմի  ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ վիրավորումների և վնասվածքների պատճառով  ունեինք շատ ցածր ցուցանիշներ»։

Ներկա պահին զինված ուժերի  ռազմաբժշկական ծառայությունն իր ենթակայության տակ ունի  տասնյակից ավելի  ռազմաբժշկական հաստատություններ ու զորամասեր , որոնք  փառք ու պատվով կատարում են  իրենց առջև դրված խնդիրը, ասում է  Սահակ Օհանյանն ու հավելում՜՝ այժմ  աշխատում են  հասնել նրան, որ  ամեն դիրքում ունենան առաջին օգնություն իրականացնող  ժամկետային զինծառայող։

«Կյանքը ցույց է տվել, որ  բժիշկն ինչքան շուտ և արագ է կատարում իր պարտականությունները, այնքան մեծանում է հնարավորությունը թեկուզ վիրավորման դեպքում ունենալ դրական արդյունք» ։

 ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանն էլ,  շարունակելով  զինակից ընկերոջ   խոսքը, նշեց, որ  ռազմական բժշկությունը տեղում չի դոփում,  օրեցօր թարմացվում են  իրենց հնարավորությունները` բժիշկները պարբերաբար մեկնում են վերապատրաստումների, սարքավորումներն էլ  ժամանակ առ ժամանակ նորացվում ու թարմացվում են։  Այժմ հոսպիտալը մեծ վերանորոգման է կանգնած։

Հայաստանն ընդլայնում է  ռազմական բժշկության սահմանագծերը։ Հայաստանյան ռազմական բժիշկները  համապատասխան վերապատրաստումներ են  անցնում  ինչպես ՆԱՏՕ–ի անդամ պետությունների  ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ ՌԴ–ի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում` ասում է ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը։

«Մենք նաև մեծ աշխատանքներ ենք իրականացնում  ընդհանուր առողջապահական համակարգի ինտեգրման  առնչությամբ։ Գրեթե ոչնչով ռազմաբժշկական ծառայությունը չի զիջում  ընդհանուր  քաղաքացիական առողջապահական համակարգին։ Մենք այսօր  շրջաններում ունենք կայազորային  հոսպիտալ, որոնք համարվում են առաջատար  և  ազգաբնակչության համար  սպասարկման հիմնական հաստատություններ»։

Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանի համար ռազմաբժիշկ լինելը ոչ թե գործ, այլ հաճույք։ Բարդ իրավիճակներում շատ է եղել հմտությունները գործի դնելով հաջողություններ ունենալ։ Ռազմաբժիշկն առաջին հարվածն ինքն է  միշտ  վերցնում իր վրա, կայունացնում վիճակը և հասցնում  վերականգնման հաջորդ փուլ։   

«Ամեն օր էլ անհրաժեշտ է լինում մասնագիտական կարողությունները գործի դնել, երբեմն ստիպված ես լինում միայնակ որոշումներ ընդունել, առանց որևէ մեկի օգնությամբ շտապ միջամտություն կատարել»։

Հայաստանի շարժական բժշկական գումարտակը պատրաստվում է  մասնակցել  ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին, ինչը Հայաստանի  համար մեծ հեղինակություն է, ուրախությամբ ասում էին ռազմական բժիշկները։

Ցուցադրել ավելի
Back to top button