Հասարակություն

Կապանը նշում է Հայոց բանակի օրը

Սյունիքում ևս մարտական տրամադրություն էր, հանրությունը անմասն չի մնացել կազմակերպած միջոցառումներից։

Երկրի ու ժողովրդի գոյությունը պայմանավորված է բանակով, նրա մարտունակությամբ ու կայացվածությամբ։  Հայոց 28 ամյա  բանակն այսօր հենց այսպիսին է։ Բանակաշինության գործում էական է եղել նաև Սյունիքի դերակատարումը, նրա կամավորների շնորհիվ ստեղծվեցին առաջին վաշտերը, տղաները ցուցաբերեցին  խիզախություն ու կամք։

Մասնակիցները  հարգանքի տուրք մատուցեցին ազատամարտի զոհերի հիշատակին։ Փոխգնդապետ Գարիկ Ներսիսյանի խոսքով՝ այսօր առաջին հերթին սահմանին կանգնած զինվորի տոնն է։

«Առաջին հերթին շնորհավորում եմ այն սպաներին ու զինվորներին, ովքեր այս պահին կատարում են մարտական հերթապահություն՝ մարտական դիրքերում։ Ովքեր լավ են գիտակցում, որ իրենց դիմացին կանգնած է թշնամին, հակառակորդը, իսկ իրենց թիկունքում իրենց մայրերն ու քույրերն են։ Հարկ եմ համարում նաև շնորհավորել այն զնվորների մայրերին, ովքեր լույս աշխարհ են բերել։ Առաջին հերթին մենք պետք է կարևորենք բանակ-հասարակություն- դպրոց կապը, որպեսզի բարձրանա ազգ-բանակ հասկացությունը, դպրոցականը պետք է իմանա, որ բանակը միշտ կանգնած է իր կողքին»։ 

«Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը նշում է․ «Խորհրդային միության փլուզումից հետո կարելի է ասել, որ նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում առաջինը Հայաստանն էր, որ կարճ ժամկետում ձևավորեց բանակ։ Իհարկե, որպես էդպիսին բանակի կարգավիճակ ստացնաք 1992-ին։ Մեզ համար ամենից կարևոր ձեռքբերումներից մեկն է, որի համար մենք բոլորս պետք է պարտավորվենք նշենք հունվարին 28-ը։Մեր բանակի հիմքը շատ ամուր է, որովհետև ստեղծվել է տղաների արյան գնով։ Բանակի ստեղծման համար շատ տղաներ իրենց կյանքը զոհեցին։ Դա պարտավորեցնում է, որ մենք հիշենք այդ օրը։ 28 տարեկան է, բնակնաբար 28 տարեկանը հասուն մարդ  է, ինձ թվում է բանակը էլ ավելի պիտի հզորանա։ Կապանի տարածաշրջանում հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա է։ Հենց այնպես չէ, որ բոլոր դպրոցներում ու նախակրթարաններում բանակի օրը միշտ նշում են, ռազմահայրենասիրական միջոցառումներ են կազմակերպում»։

Կապանի բնակիչ Վարդան Ստեփանյան․ «Ես վստահ եմ, որ մեր բանակը կայացած բանակ է, մեր անկախության երաշխավորն է։ Բոլորս փոքր մանկան պես խոնարհվենք բանակի առաջ, քանի որ մեր անվտանգության երաշխիքը Հայոց բանակն է»։

Օրվա առթիվ Կապանի մշակույթի կենտրոնում  տեղի ունեցավ միջոցառում։

Ցուցադրել ավելի
Back to top button