ԿարևորՀասարակություն

Կանայք բանակում

Մեկին պատերազմ  էր տարել գլխատված ամուսնու վրեժը, մյուսին՝ հեռուստացույցից  լսած հայտարարությունը՝ բանակում բուժաշխատողների խիստ կարիք կա։ Կանայք հայտնվել էին պատերազմի դաշտում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով, որը  միավորվելու էր մեկ կարևոր կետում՝ Հայոց բանակ։ Ինչպես  արցախյան պատերազմում, այնպես էլ այսօր հայկական զինված ուժերի համակարգում հայ կինն իր ուսերին է կրում բոլոր դժվարությունները։

Պատմաբան ու պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը  հիշեցնում է Զարմանդուխտին, որը Կիլիկիայի հայկական պետության  կորստից հետո Զեյթունի լեռներում  շուրջ 50 տարի պահեց  մի իշխանություն, որը հենց նրա անունով էլ կոչվում էր։ Գնդապետը պատմում  է․ «Երբ արցախյան շարժումն սկսվեց, Օպերայի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց կեսից ավելին կանայք էին, ու  նրանք էլ դարձան այն շարժիչ ուժը, որը տղամարդկանց տարավ դեպի սխրագործություն, դեպի անկախ պետության գաղափարի իրագործում։ Իսկ երբ ծավալվեցին մարտական գործողությունները, կանայք դարձան նաև այդ գործողությունների անմիջական մասնակիցը։ Արցախյան պատերազմում հանրապետությունից մասնակցել է 156 կին, 17-ը՝ զոհվել են, 35-40-ը՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ են դարձել։ Բազմաթիվ կանայք  պատերազմից հետո էլ մնացին ու մինչ օրս ծառայում և իրենց կարևոր ներդրումն են բերում Հայոց բանակի կայացման գործում։

«Մեր մարտական ընկերներից Գագիկ Մարգարյանի կինը՝ Սվետա Մարգարյանը, 97-ին որոշեց փոխարինել զոհված ամուսնուն։ Բանակային գործը կապ չունի սեռի հետ։ Այնտեղ բոլորն էլ կատարում են նույն ծառայությունն ու աշխատանքը։ Մենք այսօր ունենք լավագույն բանակներից մեկը, և այդ բանակի լավագույն մասն էլ հայ կանայք են»։

Շատերը կարծում էին, որ պատերազմը կնոջ տեղը չէ, բայց նա զինվեց։ Ավելին՝ արցախյան պատերազմի տարիներին նրա անունով ջոկատ կազմվեց։ Անահիտ Մարտիրոսյանն ազատամարտի միակ կին հրամանատարն էր։ Ամեն ինչ սկսվել էր 1992-ին․ Մարաղայի ջարդերից ընտանիքով փորձել էին փախչել, ճանապարհին ամուսնուն գլխատել  են։ Նրան ռազմաճակատ էր տարել վրեժի զգացումը՝ սկզբում որպես բուժքույր, իսկ հետո մարտական գործողությունների մասնակից էր։

«Որ օրը հայ կինը զենք է վերցրել, այդ օրը  թող փախչեն այդ ազգից։ Մարտադաշտից հանեցի 14 վիրավոր, երբ ապաքինվեցին, վերադաս հրամանատարությանն ասացին, որ ուզում են ստեղծել ջոկատ և այդ ջոկատի հրամանատարը լինեմ ես»։

Անահիտի ջոկատը մասնակցել  է ինքնապաշտպանական տասնյակ մարտերի, ազատագրել  գյուղեր ու քաղաքներ։ Հենց այս պայմաններում էլ ծնվում էր Հայոց բանակը։

1992 թվականի փետրվարն էր։ Հեռուստատեսությամբ լսեց, որ Արցախում բուժաշխատողների խիստ կարիք կա։ Ինքն էլ արդեն 12 տարի աշխատում էր Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում։ Առավոտյան աշխատանքի գնալու փոխարեն ճանապարհն ուղղեց դեպի  առողջապահության նախարարություն ու խնդրեց իրեն գործուղել Արցախ։  Ընտանիքն այդ մասին նույնիսկ չիմացավ։ Մորն ասել էր՝ մեկնում է Ջերմուկ տեղի հանգստյան տանն աշխատելու։ Մայրն ուրախացել  էր ու մի բաժակ տվել, որպեսզի աղջիկն  ամեն օր գնա ու այդ բաժակով  բուժիչ ջուր խմի։

Աիդան բաժակը վերցրել, պատերազմ էր գնացել։ Մայրը երեք ամիս անց միայն պարզեց, որ դուստրը պատերազմի դաշտում է, հարևաններն էին ասել, որոնք տեսել էին Աիդային հեռուստատեսությամբ՝ «Արցախյան տարեգրություն»  հաղորդման ժամանակ։

Համոզված էր, որ պատերազմը երկու ամսից ավելի  չի տևի, բայց ամիսներն անցնում էին ու օրհասական մարտերի շղթան թվում էր՝ վերջ չունի։ Պոլիկլինիկայի բժշկուհին, որի տեսած ամենածանր վերքը, ինչպես ինքն է ասում, աբսիզն ու մսի մեջ սերտաճած եղունգն էր, պատերազմի դաշտում տեսավ ամեն ինչ։ Պատերազմի ողջ ընթացքը տպավորիչ դեպքերի շղթա է, որոնցից շատերը, մեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ ջնջել հիշողությունից։ Պատերազմին հատուկ է նաև սև հումորը։ Աիդա Սերոբյանը հիշում է․

«Վիրավորին բերեցի թողեցի Ստեփանակերտի հոսպիտալում, ու քանի որ ութ ամիս տնից լուր չունեի, որոշեցի գնալ փոստ ու  զանգել մորս։ Դե պատերազմի օրերին միշտ զինված էի, մոտս երկու նռնակ  ունեի, մեկը՝ ինձ համար, որպեսզի կենդանի գերի չընկնեմ։ Բարձրանում եմ Կիրովի փողոցով, մեկ էլ երկու փոքրիկ տղաներ խոսելով գալիս են։  Մեկը ասում է՝ հա տես, էն դոխտուրնա է, որ Հայաստանա եկալա, մեզի հետի կռիվա անում, մյուսը՝ ուզում է ասել, որ ինձ ավելի լավ է ճանաչում, ասում է՝ հաա, ես իրան գյուդում եմ, ինքը կառատեիստա»։

Հաթերքի պաշտպանական ջոկատներից մինչև կանոնավոր բանակ․ Աիդան ռազմի դաշտում էր մինչև պատերազմի ավարտը։ Հայոց կանոնավոր բանակի ծնունդը նրա ամենաթանկ  հիշողություններից  է։

Զինադադարի լուրը  ստացավ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղում։ Մինչ օրս ականջներում հնչում է քարինտակցի զինվորի ձայնը՝ դոխտուր, աչքդ լուս ինի, կռիվը պրծալա։  «Առաջին միտքը, որ եկավ, այն է՝ չի կարող պատահել։ Տարիներ շարունակ մարտադաշտում  գտնվող զինվորին թվում էր, թե պատերազմը երբեք չի ավարտվի»,-խոստովանում  է Աիդա Սերոբյանը։ Ահա թե ինչու ֆիդայական շարժմամբ իր մարտական ուղին սկսած կնոջ համար Հայոց բանակն այսօր ավելի թանկ արժե, քան  սեփական կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button