ԿարևորՔաղաքական

Ինչ սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից

 Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ` հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը ու շեշտում, որ անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հստակեցրեց, որ չկա որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին։

Քաղաքագետ Թեւան Պողոսյանի կարծիքով` Մնացականյանն ու Մամեդյարովը դժվար թե առաջիկա հանդիպման ընթացքում լուրջ քննարկում ծավալեն ղարաբաղյան գործընթացի շուրջ՝ հաշվի առնելով, որ  ընդամենը 12 օրից՝ փետրվարի 9–ին  այդ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ մարտի 31–ին խորհրդարանական ընտրություններ են Արցախում։

Գուցե խոսեն խաղաղության պահպանման, լրագրողների փոխայցեր կազմակերպելու մասին` կարծում է քաղաքագետը ավելացնելով՝ Ինչ պետք է խոսեն հունվարի վերջին, երբ մարտի վերջին ընտրություններ են Արցախում, իսկ հայկական կողմը բազմիցս ասել է, որ առանց Արցախի չի պատրաստվում մասնակցել բանակցություններին` հիշեցնում է Թեւան Պողոսյանը։

Բաքվի կողմից հանդիպման ընթացքում առաջադրված հարցերը, ըստ նրա, կլինեն այդ երկրում սպասվող նախընտրական քարոզչության շրջանակներում։

«Գուցե պատանդների փոխանակման հարց առաջադրի։ Բայց մեր մոտ պատանդներ չկան, դրանք դիվերսանտներ են,  որոնք մարդկանց են սպանել։ Մամեդյարովը կփորձի օգտագործել հանդիպման առիթը»։

Արցախցի քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը որևէ լավատեսություն չունի սպասվող հանդիպումից, սակայն, նրա կարծիքով, առաջիկա երկու տարին հանդարտ ժամանակահատված է լինելու։

«Ընտրությունների ժամանակաշրջան է սկսվում։ Բացի դրանից` գուցե լինեն լուրջ փոփոխություններ Ադրբեջանի իշխանական բուրգում։ Դիրքորոշման կարծրացում մենք պետք է սպասենք երկու տարուց»։

Այդ ընթացքում ՀՀ պետք է զորացնի բանակն ու ամրապնդի եռամիասնությունը։ Խաղաղության ու կայունության բանալին դա է` ըստ արցախցի քաղաքագետի։

Ցուցադրել ավելի
Back to top button