ԿարևորՀասարակություն

Այսօր Հայոց բանակի օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այսօր նշում ենք հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը:

1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում անցավ ծանր փորձություններով, թրծվեց և դարձավ մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքը:

Հայկական բանակի ձևավորման և զարգացման ուղին բաժանում են երեք հիմնական փուլի:

Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:

Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլն անվանում են բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:

Նախորդ տարին Հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։ 

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Դավիթ Տոնոյանի խոսքով՝ մեր բանակն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի, սպառազինությունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մեր մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը։ Հայոց բանակը ճիշտ ուղու վրա է՝ արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին:

Ցուցադրել ավելի
Back to top button