ԿարևորՔաղաքական

Արցախում թեկնածուներն ու կուսակցությունները հստակեցնում են դիրքորոշումները

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկը տրված է: Կուսակցություններն ու թեկնածուները հստակեցնում են իրենց դիրքորոշումները, կազմավորվում են առաջին նախընտրական դաշինքները: Արցախի ապագայի շուրջ տեսակետներ համադրելու առաջին առիթը տվել է Հայաստանի վարչապետը իր «չելենջով»:

Արցախի նախագահի պաշտոնի հավակնորդների  մի մասը արձագանքել է Հայաստանի վարչապետի՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հրապարակած տարբերակին:

Թեկնածուների մեծ մասը տարածքների, խաղաղապահների,  Արցախի կարգավիճակի վերբերյալ հրապարակված թեզերին իր անհամաձայնությունն է հայտնել:

Արցախում, հանուն ճշմարտության պետք է նշենք, որ Մադրիդյան սկզբունքներին ու դրանցից արտածված բոլոր տարբերակներին միշտ էլ վերապահումով են վերաբերվել: Այլ հարց է, թե ինչպես են այդ վերապահումը ընդունել պաշտոնական Երևանում:

Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը կարծում է, որ այսօր արդեն երկու հայկական հանրապետություններում  տեսակետները Արցախին տարիներ  ի վեր մտահոգող հարցերի վերաբերյալ նույնական են:

ԱԺ պատգամավոր, Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը կարծում է, որ հայկական կողմի տեսակետի հիմքում պետք է լինի հայկական շահը, նախկինում  նրա կարծիքով այդպես չէր:

«Երկու հայկական տեսակետների նույնականությունը վտանգավոր չէ»,-ասում է նախագահի մեկ այլ թեկնածու Ռուսլան Իսրայելյանը: «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծանում է. ապրիլյան պատերազմը ՀՀ նախկին իշխանությունների որդեգրած  դիրքորոշման  սխալականության ապացույցն էր, ինքը դրան ընդդիմացավ հրապարակավ:

Տարածքների վերաբնակեցման և զարգացման հարցն է օրակարգում, ասում է նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը Վիտալի Բալասանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետի «չելենջին» չի արձագանքի: Այդ հարցերի շուրջ ինքը խոսել է բազմիցս: Նա Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության  պաշտպաններից է:

Ի դեպ Արցախում արդեն երկու նախընտրական դաշինքներ են  ձևավորվել: «Ազատ Հայրենիքին» միացավ «Քաղաքացիական Միացյալ դաշինք» նորաստեղծ կուսակցությունը՝ պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Մեկ այլ  դաշինքում միավորվեցին Մասիս Մայիլյանի թեկնածությունը պաշտպանող «Վաղվա  Արցախ» ,  «Ինքնություն և Միասնություն» կուսակցությունները և  Արցախի ռամկավարները:

Back to top button