ԿարևորՀասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով դեպքեր չեն գրանցվել

Չինաստանում  նոր կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է դեռ լարված մնալ։ Այնտեղ արդեն արձանագրվել է  2000- ից ավել դեպք`  8 տասնյակից ավելի մահվան ելքով։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման  հիմնական գործոն են դարձել  ծովամթերքից ու օձից պատրաստված նախուտեստները։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության  տեսչական  մարմնի ղեկավարի հրամանով  արգելվել է Չինաստանից, ինչպես նաև  չինական  ծագման հումքով այլ երկրներում արտադրված  կենդանական ծագման  մթերքի ու հումքի ներմուծումը Հայաստանի տարածք։

Արգելքը կգործի  մինչև  Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Չինաստանը  կորոնավիրուսից  ազատ ճանաչելու  մասին պաշտոնական տեղեկատվության  հրապարակումը։

Չհիվանդանալու և Հայաստան դեպքերի ներկրումը կանխելու  համար առողջապահության նախարարությունը հորդորել է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում գտնվելիս,  չայցելել կենդանական՝ հատկապես՝ ծովամթերքի շուկաներ, օգտագործել միայն լավ եփված  սնունդ, շշալցված ջուր, խուսափել  շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ  շփումից, չայցելել կենդանաբանական այգիներ,  չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ։

Իսկ  Չինաստանից վերադառնալուն պես, եթե  առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմել  բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Հայաստանի ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)» վերտառությամբ տեղեկատվական պաստառն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։

Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ  միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ  աշխարհում ի հայտ եկած նոր վիրուսով  վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։

Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակվում են  քայլեր ձեռնարկվել  Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիների  հետ  անմիջական կապ  հաստատելու  ուղղությամբ։ Դեսպանությունն այժմ  անմիջական կապի մեջ է ներկայումս Ուհան քաղաքում գտնվող ՀՀ երեք քաղաքացիների հետ։  

Դեսպանատունը Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում  իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեներն  ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

Իսկ Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը: Ռուսաստանը Չինաստանի հետ ավելի քան 4 հազար 200 կիլոմետր սահման ունի, և ամեն տարի Ռուսաստան է այցելում մոտ մեկուկես միլիոն չինացի զբոսաշրջիկ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close