Հասարակություն

Կորոնովիրուսի հետ կապված Թբիլիսիում ուղեւորների ջերմաչափում է սկսվել

Վրաստանի օդանավակայաններում խիստ միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Ջերմային սքաներները չափում են Վրաստան ժամանող  ուղևորների մարմնի ջերմաստիճանը։ Դեռևս որևէ պատահար չի գրանցվել, մասնագետներն ասում են, որ թեև չինական վիրուսի տարածման վտանգը Վրաստանում նվազագույն է, սակայն հնարավոր է։ 

Թբիլիսին խորհրդատվություններ է անցկացնում՝ մշակելու գործողությունների ծրագիր, որը կկանխի երկրի սահմաններից կորոնովիրուսի ներթափանցումը։

Չինաստանն այսօր Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներից է, վրաց-չինական համագործակցությունը պայմանավորված հատկապես ներդրումների մեծությամբ և երկկողմ առևտրի աճով, նաև փոխայցելությունների մեծ հոսք է ապահովում վերջին շրջանում։ Չինական ավիաընկերությունը (Сhina Southern) շաբաթը երեք անգամ չվերթ է իրականացնում Վրաստան և հակառակ ուղղությամբ։ 

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, սակայն այս պահին անհանգստանալու կարիք չկա․ 

«Շտապօգնության բժիշկներին արդեն տրվել են ցուցումներ, իսկ համաճարակաբանները կսկսեն հանդիպել Վրաստանում ապրող Չինաստանի քաղաքացիներին»:

Գամկրելիձեի խոսքով, գիտեն, թե Չինաստանի որքան քաղաքացի է մուտք գործում երկիր։ Ըստ նրա, Վրաստանը հեռու է նոր վիրուսի օջախից, բացի այդ ուղիղ թռիչքներ չունի դեպի Չինաստանի Հուբեյ նահանգ՝ վիրուսի էպիկենտրոն: Ուստի այս պահին երկիրը համարվում է այսպես ասած կանաչ գոտում, որտեղ վիրուսի ներթափանցումը նվազագույն աստիճանի է։ Վրաստանի Շտապօգնության ծառայության ղեկավար Ամիրան Գոգիտիձեի խոսքով․ 

«Վիրուսի ներթափանցման ռիսկերը Վրաստանում նվազագույն են։ Բայց մենք հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններին, վիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում ենք բոլոր ուղիները»։ 

Չինաստանում Վրաստանի դեսպանը հայտնել է, որ այս պահին վիրուսի էպիկենտրոնում՝ Ուխան քաղաքում կան Վրաստանի քաղաքացիներ, սակայն անվտանգ տարածքում են: Վարակվածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան։

Այս փուլում որևէ սահմանափակում չկա Չինաստան այցելելու կամ Չինաստանի հետ առևտրի առումով: Ի դեպ, 2018-ից գործում է Չինաստանի հետ կնքված Ազատ առևտրի համաձայնագիրը։ Նման համաձայնագիր Չինաստանը Արևելյան գործընկերության երկրներից միայն Վրաստանի հետ է ստորագրել։

Չինաստան հիմնականում արտահանվում է վրացական գինի, Չինաստանից Վրաստան ներմուծվում են բազմաթիվ ապրանքներ՝ մեծ բաժինն ընկնում է տվյալների ավտոմատ մշակման մեքենաների, հեռախոսների և կահույքի խմբերին, որոնցում վիրուսն ըստ մասնագետների չի պահպանվում։

Ցուցադրել ավելի
Back to top button