ԿարևորՀասարակություն

Թերթի 100 տարին ծերության պատանեկության շրջանն է. հայատառ «Վրաստանը» 100 տարեկան է

Թբիլիսիիում լույս տեսնող հնագույն հայատառ թերթերից մեկը`«Վրաստանը» այս տարի նշում է  հիմնադրման 100-ամյակը: Ներկայացնելով երկրում տիրող իրադարձությունները հայերենով` այս տարիների ընթացքում թերթը մեծ դեր է ունեցել վիրահայերի ինտեգրման  գործում, միևնույն ժամանակ առաջ մղելով գլխավոր թեման`հայ-վրացական բարեկամությունը: «Ռադիոլուրը» զրուցել է թերթի գլխավոր խմբագրի, Վրաստանի նախկին նախագահի նախկին խորհրդական, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վան Բայբուրթյանի  հետ:

Արդեն 100 տարի Թբիլիսիում լույս է տեսնում «Վրաստան» թերթը. Չնայած այդ ընթացքում եղած բազմաթիվ դժվարություններին, այն երբեք չի ընդհատել լույս ընծայումը: Պարբերականի գլխավոր խմբագրի համոզմամբ «թերթի 100 տարին ծերության պատանեկության շրջանն է»: 

Բոլշևիկյան զեկուցագրեր, խորհրդային Վրաստան, Կենտկոմի, այնուհետև երկրի նախագահի ու  խորհրդարանի պաշտոնաթերթ. այդ տարիներից շատ բան է փոխվել. այսօր այն անկախ շաբաթաթերթ է համարվում. «Մենք հիմա ասում ենք, որ կառավարության կամ որևէ մի կուսակցության պաշտոնաթերթը չենք. մեր կուսակցությունը Վրաստանն է»:  

Իսկ թերթի գլխավոր թեման հայ-վրացական բարեկամությունն է, ասում է գլխավոր խմբագիրը՝ Վան Բայբուրթյանը։ «Որովհետև գիտենք, որ այդ բարեկամության դեմ կան մեծ թշնամիներ: Մենք խոսում ենք այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին հայ-վրացական բարեկամության  նշանակության մասին: Վրաստան թերթն իր գործն անում է, ասելով`թող չերազեն այն պետությունները, կուսակցությունները, կամ որևէ մեկը, որ կարող է սեպ գցել մեր հարաբերություններում. դա անհնար է»,-հավաստիացնում է Վան Բայբուրթյանը:

Վիրահայ համայնքի համար սա փաստորեն միակ հայատառ շաբաթաթերթն է. այն հասնում է երկրի նույնիսկ ամենահեռավոր գյուղը, որտեղ գեթ մեկ հայ կա, ով ուզում է հայերեն թերթ կարդալ. «Մեր նպատակն է, որ հայությունը տեղյակ լինի երկրում ընթացող իրադարձություններին, օրենքներում արձանագրված փոփոխություններին: Մենք բավարարում ենք տարբեր տարիքային ու մասնագիտական խմբերի հետաքրքրությունները. թերթ ենք բոլորի համար»:  

Բայբուրթյանը հիշում է 1986թ-ին, երբ ստանձնեց թերթի խմբագրի պաշտոնը, դժվարին տարիներն էին մոտենում, սակայն պարբերականն ուզում էր  նորամուծություններ անել, ավելի գրավիչ դառնալ ընթերցողների համար: Եվ ահա այդ տարիներին «Սովետական Վրաստանը» տպագրում է հարցազրույց Վազգեն առաջին կաթողիկոսի հետ:  «Ես հիշում եմ, հանդիպեցի Վեհափառին, ասաց`քեզ կհանեն գործից, բայց ինձ չհանեցին: Եվ հետո մյուս թերթերը տեսնելով, որ ինձ չհանեցին գործից, իրենք էլ տպագրեցին …»:

Այդ տարիներին թերթի տպաքանակը 26 հազար էր, իսկ 1991-ին արդեն անցնում էր 50 հազարը: Ի դեպ Բայբուրթյանը տպաքանակի հետ կապված հիշեց մի հետաքրքիր դեպք. 1992-93թթ. հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի շրջանում հայկական թերթի բաժանորդների թիվը կտրուկ ավելանում է`700-ից հասնելով 2000-ի: 

«Ես հետաքրքրվեցի, զանգահարեցի… գաղտնիքը նրանում էր, որ մեր թերթի տարածման բաժնում աշխատում էր մի հոյակապ կին, ով դուր էր գալիս ադրբեջանցիներին, և ովքեր էլ մեծ սիրով բաժանորդագրվում էին…»:

Բայբուրթյանը հույս ունի, որ թերթի 100-ամյա հոբելյանը հանդիսավոր կերպով կնշվի այս օրերին հիմնովին կառուցվող Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, նախատեսվում է շենքը շահագործման հանձնել հենց այս տարեվերջին։

Ցուցադրել ավելի
Back to top button