ԿարևորՀասարակություն

Առաջին պատիժը ատելության խոսքի համար

Թեեւ այսօր ոչ աշխատանքային էր, բայց Երեւանի քաղաքապետարանում հրատապ նիստ է գումարել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը։  Առավոտից հայտնի էր, որ հրատապ նիստը հրավիրվել է ավագանու անդամներից մեկի՝ Հենրիկ Հարթենյանի տգեղ պահվածքի պատճառով։

Ավագանու իշխանական խմբակցությունն այսօր գնաց խիստ քայլի՝ իր անդամին հորդորեց վայր դնել մանդատը։  

Այսօր տեղի ունեցավ հրապարակային պատիժ ատելության խոսքի համար։ Պատժվածը՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն է։ Ֆեյսբուքյան գրառումը նրան արժեցավ ավագանու մանդատ։ Գործընկերոջ պահվածքը ոչ աշխատանքային օրը Երեւանի քաղաքապետարանում հրատապ հավաքեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Երեք ժամից ավելի քննարկումների արդյունքում որոշվեց՝ Հարթենյանը վայր կդնի ավագանու մանդատը։  Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյան․

«Եկեք հասկանանք, որ պատճառները չէին կարեւորը, այլ եղելությունը; Արվածը կարող էր թյուրիմացության հետեւանք լինել եւ այլն, եւ այլն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին նաեւ հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից։ Կարծում եմ` ինքը երեւի թե առանձին էլ հայտարարությամբ հանդես կգա»։

Խնդիրն այն է, որ Հենրիկ Հարթենյանը վիրտուալ տիրույթում հրապարակել էր Սառա Թովմասյան անուն–ազգանունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Ուղղորդման նպատակներն այդպես էլ հայտնի չդարձան։ Ուշագրավ է՝ թեեւ Հենրիկ Հարթենյանին թվացել է, որ նա տարածում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան հասցեն, իրականում պարզվել է` տարածվածը որեւէ կապ չունի նշված պաշտոնյայի եւ նրա ընտանիքի անդամի հետ։ Բայց դա ամենեւին չմեղմեց արարքի աստիճանը։ Հարթենյանը, ամեն դեպքում, ատելության խոսք տարածելու համար պատժի նախադեպ դարձավ։   

Պատիժը դեռեւս ներքին՝ կուսակցական խողովակներով է։ Օրենսդրական տիրույթում համապատասխան նախաձեռնությունը դեռ ընթացքի մեջ է։ Ատելության խոսքի դեմ օրենսդրորեն պայքարելու առաջարկը «իմքայլական» Սարգիս Խանդանյանինն էր։ Մեկ ամիս առաջ խորհրդարանում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի նախագահն է։ Ծրագրված է, որ հաջորդ շաբաթ կգումարվի այդ հանձնաժողովի առաջին նիստը։ 20 հասարակական կազմակերպություն եւ անհատ փորձագետներ են դիմել խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Սկզբում սահմանվել էր 6 ամսվա ժամկետ՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Մեկ ամիսն արդեն անցել է, բայց հենց սկզբից Սարգիս Խանդանյանի համար պարզ էր, թե որ ուղղությամբ են շարժվելու․

 «Խոսքի ազատության չվնասելը պետք է լինի այս  խմբի եւ ընդհանրապես մեր գլխավոր սկզբունքներից մեկը։ Իհարկե, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եւ որոշ դրսեւորումներ, որոնք թվում է, թե խոսքի ազատությունից են բխում, այնուամենայնիվ, կարող են հենց վտանգել խոսքի ազատությունը։ Պետք է հասկանանք, որ որեւէ ասված խոսք, որը մեկին դուր չգա, միանգամից չպետք է դիտարկել ատելության խոսք։ Պետք է սահմանվեն  սկզբունքներն ու սահմանումները, թե ինչը կարող է համարվել ատելության խոսք եւ դրանցից որ մասը կարող է քրեական դաշտ մտնել»։

Համապատասխան օրենքի ստեղծումը այս պահի դրությամբ իրատեսական չի համարում ԱԺ  մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Աշխատանքային խումբը թեեւ ստեղծվել է նշված հանձնաժողովում, բայց թերահավատությունը գալիս է միջազգային փորձից։

«Մենք փորձելու ենք օրենսդրորեն, եթե ստացվի,  անկեղծ ասած ինչի հավանականությունն այս պահին ես մեծ չեմ համարում, որովհետեւ նույն Եվրոպայում այսօր ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է եւ որպես ԵԽԽՎ պատգամավոր պետք է ասեմ, որ չենք կարողանում գտնել այն ոսկե միջինը, այն ճիշտ բանաձեւը, որ օրենսդրորեն պատժելով ատելության խոսքը մենք դրանով չենք վնասի խոսքի ազատությանը եւ դա ինչ որ կերպ մահակ չի դառնա» ։

Դեռ ժամկետները ճշտված չեն, բայց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանը համատեղ խորհրդարանական լսումներ են պատրաստվում կազմակերպել Հայաստանում ատելության խոսքի խնդիրների հետ կապված։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close