Աշոցքում քննարկում են համայնքներում փողոցների ասֆալտապատման ծրագրեր


2020թ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիայի հայտերը կազմելու նպատակով այսօր Շիրակի մարզի Աշոցք համայնքում անցկացվելու է հանրային քննարկում: Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ այս տարի նախատեսվել է ձեռք բերել աղբատար 1 մեքենա, ասֆալտապատել Կրասար, Սիզավետ և Աշոցք համայնքների փողոցները, հիմնանորոգել Թավշուտի համայնքային կենտրոնը: Եվս 3 սուբվենցիոն ծրագիր էլ իրականացվել է անցած տարի:
Ժողովրդական խոսք կա՝ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես: Այս առածը վերաբերվում է համայնք և պետություն փոխհարաբերությանը, որտեղ համատեղ ներդրումներով գործը գլուխ է բերվում: Աշոցք համայնքի խոշորացումից հետո 11 համայնքի մեկտեղված բյուջեի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ անցած տարի սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել:


Հայաստանի հյուսիսային բնակավայրում ձնաբքերի ու ձնամրրիկների հետևանքով անընդհատ փակվում են ճանապարհները: Առաջնահերթություն էր ռոտորային ձնամաքրիչ սարքի ձեռքբերումը: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ասում է, որ ռոտորային ձնամաքրիչ սարքի արժողությունը 6 մլն. 800 հազար դրամ է, որից 40 տոկոսը համաֆինանսավորվել է պետական բյուջեից: Սարքը փորձարկվել է, բայց դեռ չի օգտագործվել, քանի որ Աշոցքում այս ձմեռը համեմատաբար մեղմ է, ճանապարհներն էլ՝ բաց:
«Էս տարի մեր բախտից է, ձյունը շատ քիչ է, էսպես բան չի եղել, սարքը չենք օգտագործում, ընդհանրապես ճանապարհ բացելու կարիք չկա: Զարմանալու եղանակ է»:


Աշոցքում ձմեռային ամիսներն ավելի երկար են, հետևաբար մեծանում է էլեկտրաէներգիայի ծախսը: Սուբվենցիոն ծրագրով Բավրա, Ղազանչի, Մեծ Սեպասար և Աշոցք բնակավայրերում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 721 հազ. դրամ էր, որի 60 տոկոսը ֆինանսավորել է պետությունը: 4 կայանը միասին ժամում արտադրում է 20 կվատտ էլեկտրաէներգիա:
«Ձմեռային հատված է, մառախուղը շատ է, արևի տևողությունը քիչ է, նաև պետք է ամառային շրջանում հասկանանք՝ ժամում ինչքան կարտադրե, էլի, տարբերություն կա, տարվա կտրվածքով հաշվարկ էնենք: Ամեն դեպքում համայնքին ձեռնտու է»:
Սուբվենցիոն ծրագրերից 3-րդն ուղղված էր Աշոցքի մշակույթի տան տանիքի նորոգմանը: Մշակույթի տանը գործում են պարի և ձեռագործության խմբակներ: Բացի տանիքից կա ներքին հարդարման անհրաժեշտություն:
Տանիքի կառուցման համար տնտեսվել է 5 մլն 355 հազար դրամ: Ծրագրի արժեքը 16 մլն 655 դրամ էր, կապալառու ընկերությունը իրականացրել է 11 մլն 300 հազար դրամով, որի 55 տոկոսը վճարել է կառավարությունը:
Այս տարի նախատեսվել է իրականացնել սուբվենցիոն ևս 3 ծրագիր
«Որոշել ենք մեկ աղբատար մեքենա գնենք, 11 բնակավայրերից աղբահանություն իրականացվում է միայն Աշոցքում: Նախատեսել ենք ասֆալտապատում Աշոցքում, մեկ փողոց Կրասարում և մեկ փողոց Սիզավետ բնակավայրում»:


Երրորդ ծրագիրն ուղղված է Թավշուտի համայնքային կենտրոնի հիմնանորոգմանը: Աշոցք Համայնքի ֆոնդային բյուջեն 57 մլն դրամ է: Անցած տարի սեփական եկամուտների մասով բյուջեն կատարվել է 94.8 տոկոսով: Բացի սուբվենցիայից համայնքում շարունակվելու է արոտների ջրարբիացման ծրագիրը Զույգաղբյուր, Մեծ Սեպասար և Ղազանչի համայնքներում:
«Կառուցվելու է 21 կմ ջրագիծ, հովվի տուն, փարախ, այսինքն էս պարագայում մենք կարող ենք օգտագործել 6000 հա արոտավայր, եթե ջուր չկա, անասունն այդ հատվածում պահելն անիմաստ է, եթե ինքը ջուր չխմեց, նաև կաթնատվություն չի ունենա»:
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների գործակալությունն արդեն թույլատրել է ջրառ կատարել Զույգաղբյուր կոչվող տարածքի Սարալիճ ջրամբարից՝ վայրկյանում 14.0 լիտր ջրաքանակով: