ԿարևորՄշակույթ

Անտոնիոնիի «Գիշերը» ՝ Մաթևոսյանի «Խումհար»-ի համատեքստում. կինոդիտում-քննարկում

Հայաստանի ազգային գրադարանում Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվել է կինոդիտում-քննարկում:

Ազգային գրադարանի կինոսրահում հանդիսատեսը «Գրքամոլ» ակումբի անդամների հետ դիտել է իտալացի հանրահայտ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը, ապա այն քննարկվել է Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակի համատեքստում:

Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմին լայն անդրադարձ կա վիպակում, այն ամենածավալուն ինտերտեքստն է «Խումհար»-ում: Ֆիլմի դիտման ժամանակ վիպակի գլխավոր հերոսը՝ Արմենակ Մնացականյանը, մեկնաբանություններ է անում ինքն իր համար, և ընթերցողը կարդում է կերպարի ընկալում-մեկնաբանությունը: Այնուհետև կինոդիտմանը հետևում է բուռն քննարկում:

Ազգային գրադարանում ևս թեժ քննարկում է ծավալվել: Քննարկումը վարել են «Գրքամոլ» ակումբի հինադիրներ Համլետ Մուրադյանը և Հասմիկ Մելիքսեթյանը:

Մինչ երիտասարդ ընթերցողները պնդել են, որ վիպակը, ի հակադրություն ֆիլմի, ընտանիքի, ընտանեկան արժեքների, հայեցիության, հայապահպանության մասին է, ավելի տարիքով հանդիսատեսի կարծիքով և՛ վիպակը, և՛ ֆիլմը համամարդկային արժեքների մասին են. «Հայ լինելով հանդերձ Մաթևոսյանն այնքան համաշխարհային է, որ չի կարելի նրան որևէ ազգային կաղապարով փակել: Կարծում եմ՝ այս ամենը կյանքը, ունեցածը չգնահատելու մասին է»:

«1960-ականներին Պարույր Սևակը Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մասին ասել է. «Եթե մտածենք, թե տվյալ ստեղծագործությունն ինչի մասին է և պատասխան գտնենք, ուրեմն այնտեղ արվեստ չկա»: Հրանտ Մաթևոսյանն այն ստեղծագործողներից է, որոնք երբևէ ինչի մասին չեն գրում: «Խումհարը» ինչ-որ բանի մասին չէ: Այն հնարավորություն տվեց զգալ ժամանակի շունչը: Գիրքն ու ֆիլմը զուգահեռների մեջ են, որովհետև ֆիլմում ևս մտավորականը ստեղծագործական ճգնածամի մեջ է»,- նշել է կինոդիտողներից մեկը:

«Գիշերը» ֆիլմի գլխավոր հերոսը, որին մարմնավորում է իտալացի նշանավոր դերասան Մարչելլո Մաստրոյաննին, գրող է, ֆիլմում գրողների, ստեղծագործողների ինտելեկտուալ զրույցները հանգում են զգացմունքային փակուղու: Ի տարբերություն ֆիլմի, «Խումհարի» հերոսները փորձում են հաղթահարել այդ ճգնաժամը:

Ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվել է իտալացի հռչակավոր գրող Ումբերտո Էկոն:

Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը նշում է, որ կինոցուցադրումների ձևաչափն ընդլայնվել է: Գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ շարքից բացի կկազմակերպվեն նաև գրքաֆիլմային այլ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button