ԿարևորՀասարակություն

Փաշինյանը` Արցախի խնդրով ստացած ժառանգության մասին

Հայաստանի հարավային դարպասներում` Սյունիքում, Կապանի «Սյունիք» կինոթատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Սերժ Սարգսյանի եւ նախկին իշխանությունների թողած ժառանգությանը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են՝ այնպես ինչպես նրանք կապված են միմյանց հետ։ Նպատակները` Ղարաբաղյան հակամարտության նպատակներն են, սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ Յոթ շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի , Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղ Հայաստանին կապող միջանցք։ 

Նիկոլ Փաշինյանը  մեջբերեց հաջորդ կետը։ «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո ԼՂՀ-ի ողջ բնակչության ազատ կամարտահայտություն հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»։

Վարչապետն այնուհետև  ընդգծեց․ «Արցախի նախագահի  բոլոր թեկնածուները  թող ասեն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Թող Արցախի ժողովուրդն ասի` այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Թող հայ ժողովուրդն ասի` այս տեքստն իրենց համար ընդունելի է՞, թե՞ ոչ։ Հիմա ես պնդում եմ, եթե Արցախի նախագահի թեկնածուներն ասեն, սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»։

Իսկ ասուլիսը կառավարության ղեկավարն սկսեց նոր Հայաստանի մասին 100  փաստի ներկայացմամբ։ Նշեց, որ երկու տարվա ընթացքում, 2018 և  2019 թվականին կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ Երկրորդ փաստը վերաբերում է․ «2019 թվականին երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7, 5 տոկոս, ինչը 1․6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1․3 տոկոսային կետով՝ 2018 թվականը։ Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության,  ԱՊՀ երկրների շարքում,  արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝  նաև Եվրոպական ողջ տարածաշրջանում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև  Սևանա լճի վերաբերյալ, նշելով, որ Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների ընթացքում․ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 2019 թվականին, 143․8 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատված ի հետ համեմատ պակաս է 56 միլիոն խորանարդ մետրով։ Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր։ Օրենքով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից 26 միլիոն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել։ Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար կառավարությունն ԱԺ կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել։ Նախորդ տարի չնայած շատ սուղ պայմաններին մենք օրենքով նախատեսվածից 26 միլիոնն խորանարդ մետր ջուր պակաս ենք բաց թողել, չնայած ըստ էության  նախորդ  տարի ջրի մատակարարման առումով ավելի վատ չի եղել, քան նախորդ տարիները, եթե չասենք, որ ակնհայտորեն ավելի լավ է եղել»։

Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու ժամանակ Կապանի հրապարակում վարչապետն ասել էր, որ իր համար շատ կարևոր է կոտրել նարկոթրաֆիկի ողնաշարը։ Գործընկերոջս հետաքրքրում էր, թե մեկուկես տարվա ընթացքում դա հաջողվե՞ց։

Նիկոլ Փաշինյանն է պատասխանում․ «Եթե Դուք հետևեք Ոստիկանության և ԱԱԾ-ի հաղորդագրություններին, կտեսնեք, թե ինչ մեծ ծավալի նարկոտրաֆիկի մասին է խոսքը։ Եվ  մենք այսօր ունենք սահմանների վերահսկելիության շատ կոնկրետ խնդիր  և մենք պետք է շարունակենք այդ երևութի դեմ պայքարել։ Ինչու՞ որևէ մեկի համար գաղտնիք կա, որ Սյունիքի մարզը ցավոք սրտի հիմնական տարանցիկ ուղղություններից մեկն է»։

Back to top button