ԿարևորՔաղաքական

Մարտի դաշտ հիշեցնող խորհրդարանը հանդարտվում է

Այս շաբաթ պատգամավորները հավաքվեցին խորհրդարանում ձմեռային արձակուրդներից հետո։ Առաջին նիստերը, սակայն, ընթացան չնախատեսված ձեւով։ Վիճաբանությունները հասցրեցին նրան, որ պատգամավորները հավանաբար մոռանում էին, թե ինչի համար են հավաքվել եւ ինչ են քննարկում։  Բոլոր դեպքերում թիրախում հայտնվել էր «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնությունը, որը ստիպված էր կարգուկանոն հաստատելու համար կիրառել այնպիսի միջոցներ, որ երբեւէ չէին կիրառվել Աժ–ում։

ԱԺ գարնանային նստաշրջանի բացումը չափազանց  բուռն ստացվեց։ Պատգամավորները բանավիճում էին ոչ թե օրենքների եւ նախագծերի շուրջ, այլ «մարտեր» էին ծավալում միմյանց դեմ։ Այս շաբաթ խառնվել էին բոլորը՝ «Իմ քայլը», «Լուսավոր» եւ «Բարգավաճ» Հայաստանները։ Խորհրդարանում այնքան թեժ էր, որ ԱԺ նախագահը դիմեց երբեւէ չկիրառված քայլի՝ ԱԺ կանոնակարգով առաջին անգամ պատժամիջոցներ կիրառվեցին պատգամավորների նկատմամբ։

Ընդհանուր առմամբ` 6 պատժամիջոց. դահլիճից հեռացման 4 դեպքը բաժին ընկավ ԲՀԿ–ին, մեկական նկատողություններ ստացան Լուսավոր Հայաստան եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները։ «Լուսավորականները» շտապեցին զգուշացնել՝  սթափվելու պահն է։

Էդմոն Մարուքյան. «Աժ նախագահը օգտվում է Կանոնակարգից այնպես, ինչպես երբեք որեւէ մեկը չի օգտվել եւ ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, բացառիկ միջոցներ են։ Դրանք չեն կարող ամեն օր կիրառվել եւ դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն որեւէ մեկի համար։ Դուք սանկցիաները չարաշահել եք, պարոն Միրզոյան։ Դա է պատճառը նաեւ, որ դուք այլեւս ինձ համար անաչառ արբիտր չեք»։

Գեւորգ Գորգիսյան. «Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արարք ունենում է քաղաքական հետեւանքներ»։

«Իմքայլականներն» ընդունեցին նետված ձեռնոցը, բացահայտեցին, թե ինչու նախկինում պատժամիջոցներ չէին կիրառվում եւ ինչո՞ւ ամեն ինչում չէ, որ «կլասիկը» լավ է։

Մարիա Կարապետյան. «Պարոն Մարուքյան, այո, Դուք 7 տարի պատգամավոր եք եղել, սակայն, ոչ լեգիտիմ Աժ–ում։ Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել ոչ թե նրա համար, որ Աժ ՀՀԿ–ական նախագահներն ավելի ժողովրդավար եւ մեծահոգի էին, այլ քանի որ նրանք ներքուստ գիտեին, որ այդ լեգիտիմությունը չունեին: Սեղաններին արդար պատճառներով եք խփել, տեղից միջամտել, գոռացել։ Նրանք մի բան էլ գիտեին, որ այդ ամենը ոչինչ չի փոխելու եւ նրանք անելու են այն, ինչ ուզում են։ Մինչդեռ այս ԱԺ–ում, այո, ձեր խոսքը եւ վարքը կշիռ ունի, եւ ձեր նկատմամբ սանկցիայի կիրառումն այդ խոսքի եւ վարքի արժեւորումն է»։

RA National Assembly session took place

Լենա Նազարյան. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում: Ձեր ընդդիմադիրությունը դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով։ Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնենք անցյալի ձեւերից։ Ինքնության ճգնաժամ է, ինչը բնական եւ հասկանալի էր գուցե նախորդ տարի։ Հիմա մարդկանց եւ մեր երկրին անհրաժեշտ են նոր գործելաոճով կառավարող ուժ եւ նոր գործելաոճով ընդդիմություն»։

Այս շաբաթ խորհրդարանում ընդդիմացավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Անգամ ձեռնամարտի փորձեր եղան։  Տեւական ժամանակ կրքերը չէին հանդարտվում թե նիստերի դահլիճում, թե միջանցքներում։ Ի վերջո` խորհրդարանական մեծամասնությունը հասկացրեց՝ գործը միայն Էթիկայի հանձնաժողովով կարող է չսահմանափակվել։ Պատիժը կարող է լինի ավելի զգալի։ Խորհրդարանի աշխատանքի ավարտին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փորձեց  հարթել օրեր տեւող լարվածությունը՝ մինչդեռ նախորդ օրերին համոզված էին՝ իրենց բոլոր պատգամավորները իրավացի են բոլոր հարցերում:

«Երկու կողմից էլ՝ իմ քայլից էլ, բարգավաճից էլ պոռթկումներ եղան, դա իհարկե պետք է չլիներ։ Բայց մարդիկ այսօր ռոբոտներ չեն, մարդիկ են, որ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ։ Դա հաճելի չէ, ցանկալի չէ, եւ պետք է ամեն ինչ անենք նախապես, որ դա չլինի»։

Խորհրդարանում ԲՀԿ–«Իմ քայլը» խմորումները սկսվեցին հունվարի 21-ին, երբ սկսվեց  քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագծի քննարկումը վերջին ընթերցմամբ։ Իսկ ԼՀԿ–«Իմ քայլը» լարվածությունն առաջացավ, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվեց որոշել քննիչ հանձնաժողովի կազմը, որը պետք է ուսումնասիրեր  Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման դեպքերն ու դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։ Կրքերը կհանդարտվեն թերեւս հանգստյան եւ տոնական  օրերին։

Back to top button