ԿարևորՀասարակություն

Հայ սեյսմոլոգները ստեղծել են ավելի էժան չափման գործիքներ

Վերջերս տեղի ունեցող 5-7 բալ ուժգնությամբ երկրաշարժերը բնակչության մոտ խուճապ էին առաջացրել, քանի որ մեր երկրում կան հազարավոր սեյսմավտանգ շենքեր, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Բայց Հայաստանում կարող են հանգիստ քնել, վստահեցնում են մասնագետները:

Իսկ Գյումրիում ստեղծել են  պրոտոնային մագնիսաչափ  «Մաքսա»- ն: Նմանատիպ սարքավորումներ ձեռք բերելը բավականին թանկ հաճույք է, մինչև 50 000 դոլլար արժողությամբ, ասում է մասնագետներն ու ավելացնում, որ մերոնք  գտել են 10 անգամ էժան ու ճիշտ այդքան էլ արդյունավետ սարքավորում ստեղծելու գաղտնիքը:

«Երկրակեղևի ցնցումը կանխատեսել նույնիսկ տարիներ առաջ և առավել ճշգրիտ, քան աշխարհում գործող սեյսմիկ կայանների սարքերը». որոշեցին Գյումրիում ու գործի անցան, ստեղծեցին  պրոտոնային մագնիսաչափ «Մաքսա»-ն : Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության» աշխատակից, երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը հպարտորեն ներկայացնում է իր և ընկերների «know hօw»-ն.

«Էս ապարատուրան բավականին թանկ ապարատուրա է, իրենց թույլ են տալիս արտադրելու նման ապարատուրա շատ հզոր երկրները, Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան Ճապոնիան: Այս չափիչ սարքի զգայնությունը բավականին բարձր է, 100 անգամ գերազանցում է այն էֆեկտի համար պահանջվող զգայնությունը, որը գրանցում ենք. երկրակեղևից եկող ազդանշանը՝ կապված տեկտոնական լարումների կուտակման հետ: Սա հնարավորություն ունի մինչև 500 կմ շառավղով տարածաշրջանի բոլոր երկրաշարժերի նախանշանները գրանցելու»:

Նմանատիպ սարքավորումներ ձեռք բերելը բավականին թանկ հաճույք է, մինչև 50 000 դոլլար արժողությամբ, ասում է Սամվել Հովհաննիսյանն ու ավելացնում որ հայ մասնագետները գտել են 10 անգամ էժան ու ճիշտ այդքան էլ արդյունավետ սարքավորում ստեղծելու գաղտնիքը. «Ասեմ որ էս սարքերը Գրորգյան Արամը սարքել է իր գրպանից, տղան էլ շատ տաղանդավոր երիտասարդ է, ծրագիրն է գրել»:

 Պրոտոնային մագնիսաչափերից երկուսն արդեն տեղադրվել են, երրորդն էլ շուտով Գյուլագարակի հատվածում կտեղադրեն ու եռանկյունի կազմելով բաց չեն թողնի երկրակեղևի ոչ մի շեղում, համ էլ՝ էներգախնայողությունն է բարձր: «Եթե Խորհրդային տարիներին նման սարքավորում և մասնագետներ ունենայինք, տասնյակ հազարավոր զոհեր չէինք ունենա 88-ին»,- ասում է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

«Սպիտակի երկրաշարժից առաջ այդպիսի գրավոր ներկայացում, որը մասնագետը ներկայացնի իշխանություններին կամ մասնագիտական կազմակերպություններին՝ չի եղել, բայց կային մասնագետներ որ ասում էին «մենք կանխատեսել էինք»: Այդ կանխատեսում չի համարվում, եթե գրավոր չի ներկայացվել իշխանություններին, որովհետև աշխարհի ցանկացած երկրաշարժից հետո հայտնվում են կանխատեսողներ, մարգարեներ»:

Այժմ մարգարեություն անելու կարիք չկա: Հայ երկրաբանները ուսումնասիրել են երկրակեղևի առանձնահատկությունները և սարքավորման շնորհիվ երկրակեղևում ցանկացած շեղում ճշգրտորեն հաշվարկվում է: «Մենք Հայաստանում ունենք հազարավոր բազմահարկ, բազմաբնակարան շենքեր, որոնց սեյսմակայունությունը չի համապատասխանում սեյսմիկ վտանգին, չորս հազարից ավելի 5 և ավելի բարձր հարկանի շենքեր: Խնդիրն այն է, որ մինչև Սպիտակի երկրաշարժը Հայաստանի սեյսմիկ վտանգը թերագնահատած էր»,- ասում է  Սերգեյ Նազարեթյանը:

Վերջին շրջանի հետցնցումները Սպիտակի երկրաշարժի օջախից են: Այս հետցնցումները վկայում են, որ իր լարվածությունը նման ցնցումներով է պարպում և Հայաստանին խոշոր վտանգի սպառնալիք չկա, ասում է Սերգեյ Նազարեթյանը: «Մենք համարձակորեն ասում ենք, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետև սա նոր երկրաշարժի օջախ չի, Սպիտակի երկրաշարժին բնորոշ գործընթացներ են, հետցնցումային գործընթացներ»:

Մեր երկրի քաղաքացիները կարող են հանգիստ քնել առաջիկա տասնամյակում, իսկ հարևան և բարեկամ երկրներին Հայաստանն առաջարկում է  պրոտոնային մագնիսաչափը՝ «Մաքսա»-ն,  որ իրենց երկրամասերում էլ կանխատեսեն ու կանխարգելեն երկրակեղևի ցնցման հետևանքները:

Back to top button