ԿարևորՀասարակություն

Մեր օրերի հերոսը․ Սրբասարի փրկության պատմությունը

Իջևան-Վրաստան միջպետական մայրուղով մեքենայով սլանալիս, եթե ունեք ժամանակ ու չքնաղ բնությունը վայելելու ցանկություն, Նոյեմբերյանի մատույցներին չհասած թեքվեք ձախ։ Ասֆալտապատ մայրուղուց հետո ճանապարհը խրթին է թվում, վատ եղանակի դեպքում՝ դժվարանցանելի, բայց հավատացնում եմ, առջեւում դրախտային տեսարան է։

Ոլոր-մոլոր, կիսաքանդ ուղին ձգվում է գեղատեսիլ անտառների միջով, դեպի կանաչ գորգով պատված լեռնագագաթ․․․ Սրբասարն է՝ նոյեմբերյանցիների սուրբ սարը։ Երկնասար,Կապույտսար, կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ Գոգդաղ: Այն Նոյեմբերյանի զարդն է, տեղացիների հպարտությունն ու ուխտատեղին։

Սրբասարի նկարները՝ Արտյոմ Մամյանի

Մի քանի տարի առաջ Սրբասարը գրավեց նաև «Պոլիմետալ Արմենիա»  ընկերության ուշադրությունը, բայց ոչ իր գեղեցկությամբ, այլ տարածքի հանքահումքային ներուժի բացահայտման տեսանկյունից։  2018-ին Տավուշի մարզի՝ հիմնականում անտառածածկ 18 հազար հեկտար տարածքի վրա ռուսաստանյան կապիտալ ունեցող, որոշ տվյալներով՝ ռուսաստանյան վերնախավը ներկայացնող և օֆշորում գրանցված ընկերությունը ցանկանում էր հանքարդյունաբերական նոր ծրագիր ներկայացնել՝ տարածաշրջանում թանկարժեք  մետաղների հետախուզական աշխատանքներ սկսելու նպատակով։ Ակնկալվում էր հայտնաբերել ու գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի և ցինկի պաշարները:

Թիրախում նաև Սրբասարն էր, որը տեղի բնակչությունը զիջել չէր պատրաստվում․ հայրենի բնության  համար մինչև վերջ պայքարելու վճռականությամբ նրանք ոտքի ելան։ «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյանում» հասարակական շարժումը մեծ թափ առավ՝ համախմբելով մարդկանց։ Համացանցում գեներացված աղմուկը  տվեց իր պտուղները։  «Պոլիմետալ Արմենիան»  գերադասեց հեռանալ, ինչպես ընկերության հաղորդագրությունն էր փաստում, «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»։

«2018 թվականին, երբ «Պոլիմենտալ Արմենիա» ընկերությունը սկսեց հետախուզական աշխատանքների հանրային լսումների գործընթացը, մենք ձևավորեցինք ֆեյսբուքյան խումբ։ Օգտատերերը սկսեցին արտահայտել իրենց դժգոհությունը, երեք-չորս օրվա ընթացքում խումբն արդեն ուներ 11 հազար հետևորդ։ Քանի որ մենք Նոյեմբերյանի ապագան կապում ենք տուրիզմի զարգացման հետ, ուստի կորցնելու ոչինչ չունեինք, պետք է քայլեր ձեռնարկեինք և հաջողեցինք»,-պատմում է Սուրեն Անանյանը՝ «Կովկասի հերոսը»։

23-ամյա երիտասարդն այս կոչմանն արժանացել է հունվարի 20–ին․ «ստիպել է խոշոր ընկերությանը հրաժարվել  աշխատանքներից, որոնք բնապահպանական վնաս կհասցնեին Տավուշի մարզին», նրա մասին գրում է համակովկասյան հարցման արդյունքներով Սուրենին 2018–ի հերոս ճանաչած «Կավկազսկի ուզել» պարբերականը։ Լրատվամիջոցի մրցույթին մասնակցում էին  7 ակտիվիստներ՝ Թբիլիսիից, Բաքվից, Ցխինվալից, Բաթումից, Սուխումից, Ստեփանակերտից և Նոյեմբերյանից։

Թեժ մրցակցությունը մրցույթի վերջին օրերին Սուրեն Անանյանի և ադրբեջանցի մասնակից Էլչին Սադիգովի միջև էր։ Վերջինի պայքարը խոսքի ազատության համար էր։  Ի վերջո ձայների մեծամասնությունն ստացավ Հայաստանը ներկայացնող ակտիվիստը։

Հաջողության պատմությունը ոգևորում, թևեր է տալիս։ Մասնագիտությամբ ծրագրավորող Սուրենը կարևորում է համացանցը որպես տեղեկատվության տարածման, բնակչության իրազեկման միջոց և նրա՝  «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյանում» ֆեյսբուքյան հարթակը մարզում ստանձնել է հասարակական շտապ օգնության դերը։ Ցանկացած խնդիր, որն առնչվում է տարածաշրջանին, բարձրաձայնում են և փորձում լուծումներ գտնել։ Թարմ օրինակներից մեկը՝ Բագրատաշեն համայնքից։

«Ունեցել ենք խնդիր Բագրատաշենում, երբ արաբ գործարարը ուզում էր գնել 70 հեկտար հող, իսկ բագրատաշենցիները դեմ էին։ Քաղաքացիները դիմեցին մեզ, արդյունքում մեկ տարի անց մոտ 30  բագրատաշենցիներին կտրվի 70-ի փոխարեն 105 հեկտար տարածք՝ արտոնյալ պայմաններով։ Խնդիրը նա էր, որ բագրատաշենցիները ցանկանում էին իրենք մշակել այդ խողը։ Նույն բանը ավելի լավ է տեղացին անի, քան դրսի գործարարը։ Մենք պաշտպանեցինք բագրատաշենցիների շահերը»,-պատմում է Սուրենը։

Չնայած երկրաբանահետախուզական աշխատանքներից հրաժարվելու մասին «Պոլիմետալի» հայտարարությանը՝ նոյեմբերյանցիներն օնլայն հարթակում դեռ շարունակում են մտավախություն հայտնել նաև 2018-ին փակված թեմայի շուրջ՝ կասկածելով, որ հանքարդյունաբերողները կարող են վերադառնալ Հայաստանի ամենաանտառածածկ տարածքներից մեկը։

Սրբասարը Կողբ համայքի վարչական տարածքում է գտնվում։ Համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ասում է, որ 2018-ից հետո հանքարդյունաբերական թեման փակվել է, և Սրբասարի հետ կապված այս պահին համայնքային իշխանություններն այլ ծրագրեր են իրականցնում։

«Ծրագիր ենք ներկայացրել, արդեն մեկուկես տարի քննարկման փուլում ենք Տարածքային զարգացման հիմանդրամի հետ։ Նպատակը ամառային ամիսներին «Փյունիկ» մանկապատանեկան ճամբարի վերականգնումն է, իսկ մյուս ամիսներին այն կծառայի որպես էկո, էթնո, էքստրիմ տուրիզմի կենտրոն։ Քանի որ Կողբում նաև կառուցվում է Թումո կենտրոնը, մենք համագործակցում ենք Թումոյի տնօրինության հետ, ու պայմանավորվածություն կա, որ ճամբարի կառավարումը տրվի Թումոյին։ Այսինքն՝ ծրագիրն իրականացնում են Կողբի համայնքապետարանը, «Կողբ» հիմնադրամը և Թումոն։

Արսեն Աղաբաբյանը վստահ է՝ Նոյեմբերյանի տարածաշրջանն ունի էկոտուրիզմի կենտրոն դառնալու ներուժ։ Ռեսուրսները կան, ներդրումներ են անհրաժեշտ։

«Խնդիրն այն է, որ այս տարածքը  դիտարկվում է որպես սահմանամերձ։ Բացի այդ, մայրաքաղաքից ավելի քան 200 կմ հեռավորության վրա է գտնվում։ Սակայն դա իր դրական կողմն էլ ունի․ քանի որ շատ մոտ ենք Վրաստանին, այնտեղ եկած տուրիստը կարող է ուսումնասիրել նաև Հայաստանի հյուսիս–արևելյան հատվածը։ Շատ մոտ են Հաղպատը, Սանահինը, որտեղ այցելող բազմաթիվ տուրիստներ ունենք։ Կարող ենք օգտագործել նաև այդ ռեսուրսը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի պատմամշակութային արժեքները նույնպես ուսումնասիրելու և որպես զբոսաշրջային կենտրոն ծառայեցնելու համար»։

Սրբասարը շարունակում է ակտիվ ներգնա տուրիզմի վայր մնալ հիմնականում տարածաշրջանի բնակչության ու քաղաքից ժամանած նրանց հյուրերի համար։ Բայց տեղացիներն ունեն դրա գրավչությունը բացահայտելու ավելի լայն ծրագրեր։

«Այն, ինչ ունենք բնության կողմից տրված, շատ շռայլ է և շատ գեղատեսիլ։ Ցանկանում ենք այս ամենը ներկայացնել նաև մեր հյուրերին։ Փորձելու ենք քայլեր անել էկոտուրիզմի, էքստևեմալ տուրիզմի զարգացման ասպարեզում։ Մեր տարածաշրջանը նման հնարավորություններ ընձեռում է։ Կա նաև Ենոքավանի փորձը։ Մենք արդեն դիմել ենք փաստաթղթերի համար։ Կփորձենք այստեղ ևս քայլեր անել ու մեր փոքր ներդրումներով այս ուղղությունը մեզ մոտ նույնպես զարգացնել»,-Սրբասարում տուրիզմը զարգացնելու իր նպատակների մասին պատմում է արշավների կազմակերպմամբ զբաղվող «Լուսո արահետ» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Բաղինյանը։

Սրբասարի կանաչ գորգին կանգնած՝ աշխարհը հայտնվում է ափիդ մեջ։ Ծովի մակերևույթից 1896 մետր բարձրությունից չքնաղ տեսարան է բացվում դեպի հայրենի բնապատկերներ ու ոչ միայն․ ափիդ մեջ են հարևան Վրաստանի և Ադրբեջանի մոտակա բնակավայրերը։

Այստեղից տեսարան է բացվում նաեւ դեպի Թեղուտի հանք, որի ճակատագրին Սրբասարը չցանկացավ արժանանալ։

Ցուցադրել ավելի
Back to top button