ԿարևորՔաղաքական

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում կայացած մամուլի ասուլիսում Ղարաբաղյան խնդրի հետ կապված իրենց ուղղված կոչին։

Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանի արձագանքը

Առաջինն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։ Նա հայտարարել է.

1.    Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2.   Արցախի Հանրապետության  ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3.   Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4.   Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5.   Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար:

Արայիկ Հարությունյանի արձագանքը

Արձագանքել է նաեւ Արցախի նախագահի մեկ այլ թեկնածում` Արայիկ Հարությունյանը։ Նրա համար եւս ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։

«Սեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը` նախորդ իշխանության թողած ժառանգության մասին

Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցել էր կարգավորման այն տարբերակը, որը բանակցությունների սեղանին է նախորդ իշխանությունների ժամանակ։

«Եկեք նայենք, թե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը։ Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, և նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել…

Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը:

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները:

Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։

Փաշինյանը նշելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է բանակցությունների սեղանին Արցախի նախագահի թեկնածուներին կոչ է արել արտահայտվել դրա շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close